Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անշարժ գույքի շուկան 2017 թվականին բավականին ակտիվացել է։ Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, անցած տարվա ընթացքում Հայաստանում կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 19615 գործարք՝ 2016 թվականի 17858-ի դիմաց։
Այսինքն՝ տարվա կտրվածքով օտարման գործարքների թիվն աճել է 2030-ով կամ 11.5%-ով։ Ընդ որում, բնակարանների օտարման գործարքների թիվն ավելացել է առքուվաճառքի գործարքների հաշվին, իսկ նվիրատվությունների և փոխանակման գործարքների թիվը նվազել է (գծապատկեր 1)։ Ինչպես տեսնում եք, օտարման գործարքների թիվն աճել է 2407-ով կամ 20.1 %-ով՝ 11498-ից հասնելով 14355-ի։
Ինչ խոսք, սա լավ է։ Ինչ-որ առումով անտրամաբանական կլիներ, եթե 7.7%-անոց տնտեսական աճ գրանցած երկրում անշարժ գույքի շուկան չակտիվանար։ Ավելին ասենք, բնակարանների առքուվաճառքի ցուցանիշը 2017-ին գերազանցել է ոչ միայն 2016թ. ցուցանիշը, այլ, որոշ առումներով՝ ռեկորդային է եղել վերջին մի քանի տարիների կտրվածքով։ Այսպես, հանրապետության մասշտաբով վերջին 10 տարիներին ավելի շատ բնակարաններ վաճառվել են միայն 2014 թվականին (14686 բնակարան)։ Դրանից առաջ՝ ետճգնաժամային փուլում, գործարքների թիվը շատ ավելի քիչ է եղել։ Սակայն Երևանի դեպքում 10 տարվա ռեկորդ ունենք՝ մոտեցել ենք նախաճգնաժամային ցուցանիշներին։ 2017թ. մայրաքաղաքում վաճառվել է 10130 բնակարան։ Ավելի մեծ ցուցանիշ եղել է 2007թ.՝ 10330 (գծապատկեր 2)։
Սակայն ամեն ինչ այդքան անթերի չէ։ Նախ՝ 2017 թվականին բնակարանների առքուվաճառքների աճը պայմանավորված է հիմնականում Երևանով։ Ինչպես նշեցինք, առքուվաճառքների թիվն աճել է, 2017 թվականին ավելացել է 2407-ով, և այդ թվից 1943-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Պատճառների մեջ
չենք խորանա, ընդամենը ֆիքսենք, որ բազմաբնակարան շենքերի շուկայում կենտրոնացումը խորացել է։ Սակայն սա դեռ ամենը չէ: Կա ևս մեկ հետաքրքիր հակասություն։ Ինչպես նշեցինք, 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 1943-ով կամ 24%-ով։ Տեսաք նաև, որ այս ցուցանիշով մայրաքաղաքում 10 տարվա ռեկորդ է գրանցվել, և մոտեցել ենք նախաճգնաժամային շինարարական բումի ժամանակների ցուցանիշներին։ Ի՞նչ եք կարծում, շուկայի այսպիսի ակտիվացման դեպքում ի՞նչ պետք է կատարված լիներ երևանյան բնակարանների գների հետ:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում