Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ Թուրքիայի ձեռքերն ազատ են թողնում». «Իրատես»

Փետրվար 20,2018 11:37

Երբ սահմանադրական փոփոխություններն ասպարեզ եկան, որով Հայաստանը անցում պետք է կատարեր կառավարման խորհրդարանական համակարգին, հաճախ էր հնչում այն հարցը, թե այսօրվա խորհրդարանականներն ի վիճակի՞ են արտաքին քաղաքական հարցերում ճիշտ որոշումներ ընդունելու: Իհարկե, փորձը հուշում էր, որ ինչ համակարգ էլ լինի, որոշում կայացնողները նրանք չեն, այդուհանդերձ, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ խորհրդարանը պարտադրված լինի ծանրակշիռ խոսք ասելու, քանի՞ պատգամավոր պատվով դուրս կգա այդ փորձությունից: Թեմայի շուրջ զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

-Այն տպավորությունն է, թե մեր երկրում քաղաքական ուժերին հետաքրքրում են միայն ներքին ինտրիգները, մասնավորապես` ում ինչ պաշտոն կտան, ով կլինի կոալիցիայում, ով որքան «կպոկի» իշխանությունից, ով քաղաքական շոուով կգերազանցի մյուսին: Մինչդեռ մեր սահմաններից ոչ այնքան հեռու պատերազմ է, և ազդակները մենք արդեն ստանում ենք: Ի՞նչ եք կարծում, կառավարման խորհրդարանական համակարգին անցնող երկրի խորհրդարանը մտահո՞գ է այս խնդրով։

-Պատերազմը մեզ համար նորություն չէ, մենք պատերազմով անցած ժողովուրդ ենք: Կարծում եմ, որ կան համապատասխան պետական գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ խնդիրներով՝ և՛ ազգային անվտանգությունը, և՛ պաշտպանական համակարգը, և՛ ոստիկանությունը: Քաղաքական կառույցները ևս պետք է աչալրջորեն հետևեն այդ խնդիրներին, որովհետև մենք դառնում ենք խորհրդարանական հանրապետություն, երբ պետության մեջ առաջնային դերակատարում է ստանձնելու խորհրդարանը: Նաև ուրախալի է, որ քաղաքական ուժերը հիմնականում սևեռված են ներքին խնդիրների վրա, որովհետև դա վկայում է այն մասին, որ պետական համապատասխան կառույցներն իրենց գործառույթները պատշաճ են կատարում։ Այդ իսկ պատճառով քաղաքական ուժերի համար առաջնային են համարվում ներքին խնդիրները՝ հարկային համակարգը, սոցիալ-տնտեսական իրավիճակը: Սրանք ևս պետության հոգածության տիրույթում են, բայց ավելին անելու անհրաժեշտություն կա, և միշտ էլ եղածը չի բավականացնում: Մենք պարտավոր ենք առաջընթացի համար պայքարել: Հիմնական շեշտադրումը ներքին խնդիրների վրա է նաև այն պատճառով, որ մեր սահմանափակ միջոցներն ուղղվում են երկրի պաշտպանությանը։

Այս օրերին Սիրիայում բախվում են գերտերությունների շահերը: Ի՞նչ կարելի է սպասել նման իրավիճակում, հավանական զարգացումները կարո՞ղ են անդրադառնալ Հայաստանի վրա:

-Նայած զարգացումներն ինչ ընթացք կունենան, հնարավոր է և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն Հայաստանի վրա: Այս պահին աչալուրջ հետևում ենք իրադարձություններին: Թուրքիան Սիրիայում ագրեսիայի դիմեց, ինչը հաջորդեց Իրաքի հանդեպ ագրեսիային: Այդ երկիրը հետամուտ է Քրդական հարցի յուրովի լուծմանը: Համաշխարհային հանրությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի, որովհետև մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ Թուրքիայի ձեռքերն ազատ են թողնում: Դրա վկայությունն է անցած դարասկզբին Հայկական հարցի լուծումը, երբ նպատակն աշխարհում ոչ մի հայ չթողնելն էր: Այսօր Թուրքիան ակնհայտ ցեղասպան քաղաքականություն է վարում Աֆրինում, ռմբակոծում է հիվանդանոցներ, հասարակական շինություններ: Սա պատերազմական օրենքների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Ըստ զարգացումների հետագա սցենարի, մենք կդիմենք մեր ազգային անվտանգությունը երաշխավորող քայլերի, անկախ այն հանգամանքից, թե Թուրքիան ինչ ընթացք կհաղորդի իր գործողություններին, և ինչպես կարձագանքեն այդ ամենին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ը:

Եթե իսկապես Հայաստան են ներթափանցել քուրդ զինյալներ, մենք, ունենալով ղարաբաղյան հակամարտություն, խնդիրների առաջ չե՞նք կանգնի:

-Վերջին օրերին սահմանախախտության մի շարք դեպքեր եղան, որոնք բացահայտված են: Մենք շատ ենք սիրում առաջնորդվել «Կիկոսի մահի» տրամաբանությամբ, չեղած բաների վրա սևեռվել և դրանից ողբերգություն սարքել: Իրականում ոչ մի պատկան մարմին չի հայտարարել, որ Հայաստանում ահաբեկիչներ կան: Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, մենք իրավունք չունենք հետևություններ կամ եզրահանգումներ անելու, թե հայ-թուրքական սահմանին սահմանախախտներ են հայտնաբերվել: Իսկ հայտնաբերված սահմանախախտներն էլ եղել են հովիվ կամ այլ քաղաքացի: Այսուհանդերձ, մինչ այսօր ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հայտարարել, թե սահմանախախտները եղել են ահաբեկիչներ, որոնց հաջողվել է ներթափանցել Հայաստան: Իհարկե, քրդերը կփորձեն այս կամ այն տարածք ներթափանցել, հայ և ռուս սահմանապահները պետք է աչալրջորեն հետևեն և իրենց գործառույթը հստակ իրականացնեն: Ոչ միայն մեզ մոտ, այլև ողջ աշխարհում նման խնդիր կա: Պետք է պարզապես ամեն մեկն իր տեղում լինի, որ կարողանանք կանխել անցանկալի զարգացումը: Իսկ վտանգ միշտ կա, դրանից չպետք է վախենալ: Վախենալ հարկավոր է այն բանի համար, որ մենք մեր գործունեությունը չենք ուղղորդում վտանգը վերացնելուն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728