«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը՝ Աշոտ Մանուչարյանը, իր տեսակետն ունի, թե ինչու է իշխանությունն այսչափ անտարբեր մեր անկախ պատմության ամենալուսավոր էջերից մեկի նկատմամբ։ «Այս տարիների ընթացքում ժողովրդիս ստիպում էին մոռանալ այդ շարժումը, բոլոր ստորությունները վերագրում էին դրան»։ Իսկ թե ինչու են իշխանության մեջ եղած մարդկանցից ոմանք փորձում մոռանալ այդ շրջանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամն այսպես է բացատրում. «Շարժման մեջ դավաճաններ կային, նրանք այն ժամանակ այդ ոգին կրողն էին, բայց հետո կեղծ դարձան։ Այդ մարդիկ չեն ուզում հիշել իրենց անցյալը։ Այսինքն՝ եթե հիշեն, մտածելու են՝ ո՞նց, մենք ա՞յդ էինք, հիմա ա՞յս ենք դարձել։ Եվ որքան ցեխ են շպրտում շարժման վրա…»։
Հարցին՝ հնարավո՞ր է դարձի բերել այդ մարդկանց, Մանուչարյանն ասաց. «Հնարավոր է։ Դու այսօր արքա ես, առաջինն ես, հետո դառնում ես վերջինը։ Այդ ժամանակ հնարավոր է դարձի բերել։ Իսկ հիմա պարզապես արքայի գահին շպրտված արքայիկ են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ում պատիվ է վիճակվել ընթերցելու անկախության հռչակագիրը, բնական է համարում, որ իշխանությունը պատշաճ չի նշում ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանը։ «Իրենց համար արժեք չի ազատությունը, անկախությունը։ Իրենք ըմբոստ մարդ չեն։ Իսկ երկրի տերն ըմբոստ քաղաքացին է։ Գետերը, ջրերը, շենքերը չեն երկիրը, այլ մարդիկ, արժանապատիվ քաղաքացին»։ Մանուկյանը շեշտեց, որ ղարաբաղյան շարժումն այն ժամանակ իսկական իրարանցում էր առաջացրել՝ դրական իմաստով, ցնցել էր աշխարհը, սովետական իմպերիայի փլուզումն էլ այդտեղից սկսվեց:
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում