Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում, որ հրավիրվել էր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով, ինչպես հայտնի է, քվեարկությամբ մերժվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ձայների հարաբերակցությունն ինքնին ուշագրավ է՝ նախագծին «կողմ» քվեարկեց 35, «դեմ»՝ 38 պատգամավոր: Կարելի է ասել, որ ընդդիմությանն ընդամենը մի քանի ձայն չբավականացրեց ցանկալի նպատակին հասնելու, ինչպես ասում էին՝ Հարկային օրենսգիրքը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները «հետողորմյա» անելու համար:
Իհարկե, եթե շարունակենք խորհրդարանական թվաբանությունը, ապա «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները միասին ունեն 40 ձայն: Նկատի ունենանք, որ կոնկրետ այս հարցում երկու խմբակցությունները միասին էին հանդես գալիս: Այսինքն՝ եթե երկու խմբակցությունները արտահերթ նիստին մասնակցեին ամբողջ կազմով, ի լրումն՝ միահամուռ կամ քաղաքական որոշմամբ «կողմ» քվեարկեին ներկայացված նախագծին, ապա այն կընդունվեր, ինքնին հարուցելով նոր իրավիճակ:
Ճիշտ է, հարկ է նշել նաեւ, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը լիովին միասնական ու միագիծ մոտեցում դրսեւորեր, ապա մեծամասնությունը եւս ամբողջ կազմով կներկայանար արտահերթ նիստին ու առանց լարվելու կկարողանար ապահովել ավելի շատ «դեմ» ձայներ, քան արձանագրվեց երեկ:
Ընդհանուր առմամբ, պարզ էր, որ «Ելքի» առաջարկած ու «Ծառուկյան» խմբակցության աջակցությանն արժանացած օրինագիծը չէր ընդունվի: Ի շարս այլ հակափաստարկների, կարելի է առանձնացնել հիմնականներից մեկը. եթե Հարկային օրենսգիրքը վերադարձվեր 2017-ի դեկտեմբերի 31-ի վիճակին, ապա կառավարությունը կկանգներ պետբյուջեի եկամուտների շոշափելի նվազման դաժան փաստի առաջ:
Խորհրդարանում ձայների հարաբերակցության առումով պարզից էլ պարզ էր, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն «դեմ» քվեարկելով՝ ուղղակի կկանխեն նշված նախագծի ընդունումը:
Մյուս կողմից՝ քվեարկության գրեթե հավասար պատկերը, որքան էլ որ նշված նախագիծը չընդունվեց, խորհրդարանական ընդդիմությունը կարող է գրանցել իր ակտիվում: Համենայն դեպս «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները այսպիսով ցույց տվեցին, որ կարող են նախ՝ հիմնականում միասնական մոտեցում ունենալ առանձին հարցերում, եւ այդ դեպքում, եթե երկուստեք շատ չբարդույթավորվեն, կարող են նաեւ որոշակի արդյունքների հասնել, առնվազն ձեւավորել այնպիսի կացություն, որ ավելի մեծ չափով հաշվի նստեն իրենց հետ:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում