Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան շարժման դասերը. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 20,2018 10:25

Ղարաբաղյան շարժման տարեդարձի նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին հետեւած Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղարի քարոզչական գրոհը, կրկնելով հունվարին ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի ունեցած միջադեպը, վկայում է, որ Ադրբեջանում գլուխ բարձրացրած ռեւանշիզմը քարոզչական պատերազմը տեղափոխել է աշխարհի առաջատար քաղաքների բեմերը՝ հետապնդելով հեռուն գնացող նպատակներ։

Անշուշտ, երկու դեպքում էլ հակառակորդը արժանի հակահարված ստացավ Հայաստանի նախագահի կողմից, սակայն Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ քարոզարշավի կտրուկ ակտիվացումը վկայում է, որ նա երկար չի անսալու միջնորդ երկրների կողմից իրեն ուղղվող խաղաղասիրական հորդորներին եւ հարմար պահի դիմելու է նոր արկածախնդրության։
Ուստի Ղարաբաղյան շարժման ներկա 30-ամյակը մեզ համար պատեհ առիթ է ոչ թե պարզապես անցյալի հանդեպ քննական մոտեցում դրսեւորելու, այլ հակառակորդի համեմատ ունեցած առավելություններն ու թերությունները բացահայտելու, մեր ուժերի ու հնարավորությունների յուրահատուկ ստուգատես իրականացնելու համար։

Երբ Ղարաբաղյան շարժումից 30 տարի անց էլ ադրբեջանական կողմը խոսում է Երեւանի կամ Զանգեզուրի մասին, ապա պարզ է դառնում,որ նա դասեր չի քաղել անցյալից։ 1988-ի ու ներկա կացության տարբերությունը միայն այն է, որ ստատուս քվոյի փոփոխության հարցում շահագրգիռ պահանջատիրոջ դերում մեր հակառակորդն է, իսկ պատմության դասերը նրան հիշեցնողը՝ մենք։ Դիրքերի նման փոխատեղմամբ հանդերձ, Ղարաբաղյան շարժման 30 տարիների հեռավորությունից պարզ է դառնում, որ հակառակորդը նույնն է մնացել, ուստիեւ նույնն են նաեւ նրա ներկա մտադրությունները։
Ի՞նչ ենք սովորել այդ ընթացքում, ո՞րն է լինելու այս անգամ հակառակորդին տրվելիք մեր դասը, որը նա դեռեւս չի ուսանել։

Ղարաբաղյան շարժման ու պատերազմի ընթացքում մեր սովորած ամենակարեւոր դասը սեփական ուժերին ապավինելու գաղափարն է, որը սերտել էինք Առաջին Հանրապետության օրերից, մինչդեռ ադրբեջանցիները ծանոթ չէին դրան, քանի որ 1918-ին իրենք չէին ստեղծել Ադրբեջան կոչվող պետությունը, այլ տարածաշրջան մտած թուրքական բանակը։

Ուստի նրանք մեկ քայքայվող խորհրդային բանակի աջակցությանն էին ապավինում, մեկ՝ փողով գնում էին նրա զորացրված սպաներին, վերջում էլ՝ Աֆղանստանից կամ Չեչնիայից էին մարտիկներ բերում։ Մեր հույսը մեր զավակներն էին, որոնց կարիք չկար կաշառել կամ հարկադրել, որ նահանջողներին գնդակահարեն ստալինյան կորդոնների միջոցով։
1988-ին հակառակորդից ուժեղ էինք նաեւ ոգով, որը հիմնվում էր մեր գործի իրավացիության հանդեպ անսահման համոզմունքի վրա։ Այդ ոգին մեզանում երբեք չմարեց, ո՛չ Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին, ո՛չ էլ 2016-ի ապրիլին, երբ 19-20 տարեկան հայ պատանիները գործ ունեցան Թուրքիայում մարզված հատուկ նշանակության ուժերի հետ։

Եթե ներկա հաշվեկշիռը բաղդատենք անցյալի հետ, ապա ակնհայտ կդառնա, որ մենք պահպանել ենք բոլոր առավելությունները, այն է՝ սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ոգին եւ արհեստավարժությունը։ Սակայն, ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, հակառակորդին զիջում ենք քանակական ցուցանիշներով՝ ե՛ւ մարդուժով, ե՛ւ զինտեխնիկայով։
Իսկ դա նշանակում է, որ այս անգամ Ադրբեջանը փորձելու է կիրառել դրանց առարկայացման միակ հնարավոր տարբերակը՝ հնարավորինս լայն ճակատով լայնածավալ պատերազմի դիմելու մարտավարությունը։
Կարծում ենք, մեր խնդիրը ոչ թե սոսկ պատերազմին պատրաստ լինելն է, այլ լայնածավալ ու հյուծիչ դիմակայության համար անհրաժեշտ լուրջ ռեսուրսների ու ռեզերվների գոյությունը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728