Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մյունխենում պետք է բարձրաձայնվեր` Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության վտանգվածությունը. «Իրատես»

Փետրվար 20,2018 09:58

Ինչո՞վ էր Մյունխենի անվտանգության համաժողովը կարևոր Հայաստանի համար:
Սերժ Սարգսյանը հանրայնացրեց Ալիևի սպառնալիքները և հիշեցրեց միջազգային լռության վտանգավորությունը, ներկայացրեց ԼՂ հարցում Հայաստանի տեսակետը, հայ-թուրքական հարաբերությունների չկայացման պատճառները: Փաստացի` նա Մյունխենում կրկնեց ՀՀ արտաքին քաղաքականության անցած 10-ամյակի ուղենիշները և արձանագրեց, որ փոփոխություններ չեն լինելու:

Իսկ աշխարհը սրընթաց փոխվում է` հավատարմությունը հին սկզբունքներին կայունության ու անվտանգության երաշխիք չէ: Հայաստանը գերտերությունների շահերի բախման կենտրոնում է ու առաջինն է զգում մրցակցության հետևանքները: Եթե չկա միջազգային նորմերի պաշտպանության գլոբալ երաշխավոր, Բաքուն կարող է սահմաններն ընդարձակել՝ առանց պատժից վախենալու: Երբ միջազգային համակարգերը չեն գործում, Մադրիդյան սկզբունքները դառնում են հին աշխարհակարգի ժամանակավրեպ արտադրանք:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը պարտավոր է ռեալ գնահատել ռիսկերն ու օգտագործել նոր հնարավորությունները: Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, գիտեն բոլորը: Այլ հարց է` ընդունում են, թե ոչ: Մյունխենում պետք է բարձրաձայնվեր` Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության վտանգվածությունը և կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրը, որը փոխում է կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները:

Ի վերջո, եթե ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու համար, պետք է առաջարկի հարցի լուծման իր տարբերակը, և դա ևս պետք է բարձրաձայնվի: Հայաստանը գերտերությունների հակասությունների պատանդը չէ և պարտավոր չէ անվտանգությամբ հատուցել: Ու դա ևս` դիվանագիտական փաթեթավորմամբ, պետք է Մյունխենում հնչեր: Մերձավոր Արևելքի գլխապտույտ իրադարձությունները չեն կարող հետևանքներ չունենալ մեր տարածաշրջանի համար: Սիրիայի հնարավոր մասնատման քաղաքականության ալիքը սահմաններ կարող է փոխել, այդ թվում` մեր հարևանների: Պատրա՞ստ ենք մենք մեր սահմանների պաշտպանությանը: Մյունխենը բոլոր հարցերի լուծման հարթակը չէ, հարկավ: Բայց այսօր հարցեր բարձրացնելը նպաստում է վաղվա լուծումներին:

Պետք չէ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տարում միջազգային հանրությանը ներկայանալ վիճակն արձանագրողի հայեցողական դերով, խաղացող է պետք դառնալ: Փոքր, բայց անկախ ու վճռական, որ քեզ հետ հաշվի նստեն ու քո շահը չոտնահարեն: 100 տարի և ավելի անիմաստ է արդարություն որոնել աշխարհում, աշխարհը գնահատում է ուժը, կամքը, խելքը: Մնացածն ընթացիկ քաղաքականություն է` ընթացիկ արդյունքներով ու հետևանքներով` Մյունխենում ու ամենուր:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728