Բրյուսել, 19 փետրվարի 2018 թ.- ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ: Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և այլ ԵՄ պաշտոնայներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը:
Պատգամավորները նաև հարցնում են, թե որքանով է ԵՄ գերագույն հանձնակատարը հաշվի առնում Արցախի ժողովրդի կարծիքը, քանի որ վերջինս վճռորոշ է խաղաղության գործընթացում:
Չնայած այն հանգամանքին, որ միջազգային իրավունքում որևէ հիմք չկա, Ադրբեջանը ստեղծել է այսպես կոչված «սև ցուցակ», որն օգտագործվում է հատկապես արևմտյան քաղաքական և հասարակական գործիչներին շանտաժի ենթարկելու և դեպի Արցախ նրանց այցելությունները կանխարգելելու նպատակով: Արցախի ժողովրդի լիակատար մեկուսացման իր քաղաքականության մեջ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները` փորձելով խոչընդոտել Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը՝ հատկապես ժողովրդավարության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում:
«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող երկրների կողմից ընդունված միակ պաշտոնական միջնորդն է: Այնուամենայնիվ, որպես soft power, Եվրամիությունը կարող է, և պետք է անի ավելին, որպեսզի նպաստի Արցախում խաղաղության գործընթացին», – նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեան:
Կարապետեանը նաև հավելեց. «Խրախուսելի է, որ Եվրամիությունը մարդասիրական և կրթական ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի այլ հակամարտող գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսիան և Աբխազիան: Բայց մենք դեռևս որևէ բացատրություն չունենք, թե ինչու ԵՄ-ն դա չի արել Արցախում կամ ականջալուր չի եղել արցախցիների ձայնին»:
«Այն փաստը, որ քաղաքական բոլոր խմբավորումներից այսքան մեծ թվով Եվրախորհրդարանի պատգամավորներ բարձրացրել են այս հարցերը, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ներկայումս ավելի լավ են իրազեկված Արցախի ժողովրդի ներկայիս սոցիալական ու տնտեսական մեկուսացման վերաբերյալ և սկսել են հարցականի տակ առնել ԵՄ-ի պասիվ վերաբերմունքը: Այս հարցերը նույնպես կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչու են Եվրամիության պաշտոնյաները խուսափում Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ չնայած այն հանգամանքին, որ դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու լավագույն տարբերակն է», – եզրափակեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը կհետևի Եվրամիության գերագույն հանձնակատարի արձագանքին, որն ակնկալվում է առավելագույնս վեց շաբաթից:
Գրավոր հարցման հղումը` ստորև
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակ