Այսօր Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվեց գլխավոր՝ Համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը
«Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։
Հիմնական անվանակարգերում հաղթողներից էին ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry)։
Թումոն հպարտ է Հայաստանի ՏՏ և կրթական ոլորտը նման առաջադեմ միջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների և մասնագետների ուշադրությունը մեր երկրին և դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար։
Հուսով ենք՝ այս հաղթանակը էլ ավելի կնպաստի հայկական նախագծերի ճանաչմանը և գնահատմանը ՏՏ միջազգային ասպարեզում։
***
WCIT համաժողովը անց է կացվում է 1978 թ-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է հազարավոր գործարարների, նորարարների, ՏՏ ոլորտի կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հետ համագործակցության շրջանակներում որոշում է ընդունվել 2019-ին համաժողովը անցկացնել Հայաստանում։