Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած անհասցե հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի կողմից սահմանային խախտումները շարունակելուն:
Aravot.am-ի այն հարցին, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար սահմանային խախտումների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած հայտարարությունները, որպես կանոն, լինում են անհասցե, ինչը երևաց նաև տարածաշրջան կատարած վերջին այցից հետո, արդյո՞ք դա արդեն անհանգստացնող փաստ չէ, Արցախի արտգործնախարարը պատասխանեց.
«Հանցագործությունը կատարում է մի կողմը, սակայն պատասխանատվությունը կիսում են երկու կողմերը, ինչն անընդունելի երևույթ է: Նշեմ, որ նախորդ տարվա ընթացքում եղավ մի իրավիճակ, երբ առկա անժխտելի փաստերի արդյունքում համանախագահների կոչն ուղվեց մեղավոր կողմին (ադրբեջանական կողմին): Դա շնորհիվ այն հանգամանքի, որ մեր կողմից ներկայացվեց տվյալ միջադեպի տեսանկարահանված նյութը և արդեն ունենալով կոնկրետ ապացույցներ, միջնորդները մատնանշեցին մեղավոր կողմին` տվյալ պարագայում Ադրբեջանին:
Փաստորեն առաջնագծում դիտարկման սարքերը ոչ միայն ռազմական կամ անվտանգության հետ կապված հարցերի առումով են կարևոր, այլ նաև դրանց առկայությունը իր դրական ազդեցությունը կարող է ունենալ քաղաքական ասպարեզում: Արդյունքում պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը շարունակում խոչընդոտել հետաքննության մեխանիզմների տեղադրմանը առաջնագծում»:
Նա նաև նշեց, համանախագահները նման գործելաոճը, ըստ երևույթին, պատճառաբանում են նրանով, որ տվյալ միջադեպի պահին, տեղում չունենալով դիտորդներ, չեն կարող միանշանակ ասել, թե ով է խախտումը կատարել:
Մասիս Մայիլյանը անդրադարձավ նաև օրերս լայն քննարկում ստացած Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» հայտարարությանը:
«Կարծում եմ, որ շատ լուրջ պետք է վերաբերվել նման հայտարարություններին, քանի որ հայտարարողը պատահական մեկը չէ, այլ նրանց երկրի գլխավոր ու գերագույն հրամանատարը և նա բաց տեքստով ասում է, որ դա իրենց ռազմավարական նպատակն է»,- պարզաբանեց արտգործնախարարը:
Ըստ նրա այսօր Արցախը համահայկական նշանակության առաքելություն է կատարում, քանի որ Արցախի բանակի հզորությունը զսպման դեր է խաղում ադրբեջանական կողմի համար:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ