Լրահոս
Օրվա լրահոսը

Կա ծեծի ենթարկված անձ․ Շիրակի դատախազը՝ բժիշկների ծեծկռտուքի, բուժքույրն էլ՝ հայհոյանքների մասին

Փետրվար 19,2018 20:15

Գյումրի բժշկական կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպ փաստով այս պահին նյութեր են նախապատրաստվում ծեծի հատկանիշներով։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ «Ունենք կոնկրետ անձինք, որոնք բացատրություններ են տվել անձանց կողմից իրար ծեծի ենթարկելու վերաբերյալ»,-ասաց դատախազը։

Մենք այս միջադեպի շուրջ երեկ փորձել էինք լսել բոլոր կողմերին, միայն չէր հաջողվել զրուցել բուժքրոջ՝ Աննա Ադամյանի հետ, որը և դիմել էր ոստիկանություն՝ բողոքելով, որ վիրաբույժ եղբայրներ Նասիբյանները իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել։

Ըստ հրապարակված տեղեկությունների, սկզբում Նասիբյան եղբայրներից մեկը՝ Արթուր Նասիբյանը Կարեն Գրիգորյանի հետ վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Սարգսյան եղբայրների հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, ու բժիշկներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։ Այնուհետ վիրաբույժ աշխատող երկու եղբայրները՝ 40-ամյա Արմեն Նասիբյանն ու 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են բուժքրոջ՝ Աննա Ադամյանի սեղանին ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Արթուր Նասիբյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր, որ ինքը վիճաբանել է բժիշկ Սարգսյանների հետ։ Իսկ Արման Սարգսյանն առայժմ հրաժարվել էր խոսել միջադեպի մասին՝ խոստանալով պարզաբանումներ ներկայացնել հիվանդանոցի հրավիրած էթիկայի հանձնաժողովի նիստից հետո։

Արթուր Նասիբյանի վստահեցմամբ, ինքը ոչ մեկին ո՛չ ծեծել է, ո՛չ էլ հայհոյել, իր կրթական ցենզն ու դաստիարակությունը նման բան թույլ չեն տալիս։ Նա նշել էր, որ բժիշկ Արման Սարգսյանի հետ ընդամենը կազմակերպչական հարցի շուրջ բանավեճ էր եղել այն թեմայով, թե «ինչպես է լինում, որ հիվանդին ես եմ նայում, հետո դու»։ Իսկ բուժքրոջ մասին ասել էր, թե նրա պահվածքը չի համապատասխանում բժշկական էթիկայի կանոններին և որ նրա դեմ 23 բժիշկ, 2 բուժքույր դիմում-խնդրագիր են գրել տնօրենին, որ հեռացնեն աշխատանքից։

Այսօր մենք հեռախոսազրույց ունեցանք նաև բուժքրոջ հետ, որը պնդեց, որ Նասիբյան եղբայրները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին։ Աննա Ադամյանի պատմելով, ինչ-որ հիվանդի պատճառով բժիշկները «իրար են կերել» վիրաբուժականում, սակայն ինքը չի էլ տեսել տվյալ հիվանդին, որ ուղղորդեր բժիշկ Սարգսյանի մոտ ու դա դառնար վիճաբանության թեմա։ Հետո պարզել է, որ հիվանդին սկզբում բժիշկ Նասիբյանն է զննել, այնուհետ՝ բժիշկ Սարգսյանը։

Ավելին, բժիշկ Սարգսյանն իրեն պատմել է, որ տվյալ հիվանդը իր ծանոթն է եղել, պատահաբար տեսնելով, որ միջանցքում կանգնած է՝ հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ես կանգնել, նա էլ ասել է ինչ հարցով է եկել ու գնացել է բժիշկ Սարգսյանի մոտ։ «Սկզբում այս հարցով բժիշկներն իրար հետ վիճաբանել են, հետո Նասիբյան եղբայրներից Արմենը իջավ ներքև, ասեց՝ հլը արի ստեղ, ասի՝ ինչ ձևի ես խոսում հետս, հանգստացի, ասեց՝ ո՞ւմ հետ ես, դու ստեղ ո՞վ ես, ասի՝ ես ստեղի բուժքույրն եմ, ասեց՝ դու պտի ասե՞ս ինչ ձևի խոսամ հետդ կամ որտեղ, ասի՝ բան ունես ասելու, ստեղ ասա։ Վիրավորական արտահայտություն թույլ տվեց իմ հասցեին, ասեցի՝ դու ուր, բժիշկ լինելն ուր կամ առավել ևս բաժնի վարիչ լինելն ուր, որ բերանիցդ նման արտահայտություններ ես հանում, պահելաձև չունես։

Նորից ինձ վիրավորեց, ես հակադարձեցի իրեն՝ ասելով անբարոյականը ոտիցդ գլուխ ես, սկսեց ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցնել, հետո սեղանը հրեց։ Հետո իր եղբայրն անցավ ու ասաց՝ ո՞ւմ ախպոր հետ ես, ասեցի՝ քո եղբոր հետ եմ, ոտքով խփեց սեղանիս, սկսեց հայհոյել, հետո մոտեցավ բժիշկ Անդրանիկ Հովհաննիսյանը ու տարավ եղբայրներին իր կաբինետ։ Ես գնացի գլխավորի մոտ, գլխավորը նրանց կանչեց իր մոտ։ Ես դիմեցի բաժին»,- հեռախոսազրույցում ներկայացրեց Աննա Ադամյանը։

Իսկ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որ հիվանդների հետ կոպիտ վարվելակերպ ունի ու 23 բժիշկներ բողոք են ներկայացրել իր դեմ, ասաց․ «Եթե ես հիվանդների հետ վարվելաձև չիմանամ, գլխավորը ինձ թույլ կտա՞ր, որ ես աշխատեի, վաղուց նկատողություն կտար, ես այսքան տարվա մեջ ոչ մի նկատողություն չունեմ։ Իրա նմանակներից, իր շրջապատից խնդրել է, ստորագրություններ է հավաքել»։

Հիշեցնենք, որ իրավապահներից բացի, միջադեպին պատրաստվում են գնահատական հնչեցնել հենց Գյումրի բժշկական կենտրոնում։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այս հարցը քննարկվելու է էթիկայի հանձնաժողովի նիստում ու մեղավորները պատժվելու են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728