Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում. «Արմենպրես»

Փետրվար 19,2018 19:45

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ:

«Քննարկումը, որին մասնակցում էր Հայաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը, ԵՄ ընդլայնման  եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը եւ ես, օրինակներից մեկն է նրա, որ Մյունխենի համաժողովի օրակարգը դառնում է ավելի  բազմակողմանի եւ սկսում է ներկայացնել տարբեր տեսակետներ, իսկ  նման տենդենցը կարելի է պարզապես ողջունել: Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնել Սերժ Սարգսյանին իր հրաշալի ելույթի համար, քանի որ նա իր կառուցողական ներդրումն ունեցավ քննարկմանը, հավասարակշռված եւ պատասխանատու վերլուծություն կատարեց այն մասին, թե ինչ է կատարվում հենց Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանային  հարաբերություններում, ինչպես նաեւ ավելի գլոբալ  կոնտեքստում, որտեղ Հայաստանն անկասկած իր ուրույն դերն ունի: Առանց չափազանցության նրա ելույթը կենտրոնական էր եւ շատ մեծ ուշադրություն գրավեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ ներկաների ուշադրության կենտրոնում հենց Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն էր, այսինքն՝ այն փորձը, որով Հայաստանը համադրում է իր մասնակցությունը եւ՛ ԵԱՏՄ, եւ՛ ԵՄ ինտեգրացիոն գործընթացներին:

«Սա իսկապես դեռեւս միակ եւ ունիկալ դեպքն է,-նշեց Կոնստանտին Կոսաչովը՝ մասնավորապես հիշեցնելով Ուկրաինայի փորձը: -Հայաստանի դեպքում նույնը չպատահեց, եւ այս համաձայնագիրը համապատասխանեցվեց Հայաստանի շահերին համագործակցության իր ամբողջ սպեկտրով՝ հաշվի առնելով նաեւ նրա պարտավորվածությունները ԵԱՏՄ-ում: Հենց սա այն օրինակն է, թե ինչպես կարելի է  գործել՝ գտնելով լուծում դժվար եւ թերեւս բավականին  նուրբ հարցերում՝ նորմալ եւ կառուցողական ճանապարհով: Մենք 2012-2013 թվականներին  մինչեւ Ուկրաինայի ճգնաժամը  առաջարկեցինք Եվրամիությանը եւ Ուկրաինային կազմակերպել նման քննարկում ինչ-ինչ հակասություններից խուսափելու համար. այն ժամանակ Եվրամիությունը մեզ կոշտ պատասխան տվեց, որ դա քննարկման ենթակա չէ, դա այդ հարաբերությունների ներքին հարցն է, եւ բոլորս գիտենք՝ ինչի սա հանգեցրեց»,-ասաց ՌԴ պաշտոնյան՝ ընդգծելով, որ միայն կարելի է ողջունել, որ Հայաստանը տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության ճանապարհին ճիշտ քաղաքականություն է վարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728