Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգ-բանակ» քարոզչությունը գաղտնի ֆինանսավորմամբ և օրենքի խախտմամբ

Փետրվար 19,2018 18:15

Հայաստանի Պաշտպանության նախարարության «Ազգ-բանակ» չգրված հայեցակարգի քարոզչության շրջանակներում երևանյան փողոցներում հայտնվել են «Կոչված և զորակոչված մեկ նպատակի» վահանակները, որոնք հազիվ թե վրիպած լինեն երևանցիների աչքերից: «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրականացրած ուսումնասիրությունը բացահայտեց, որ այդ քարոզչության աղբյուրները գաղտնի են, իսկ տեղադրումը ուղեկցվել է ապօրինություններով:

Անհայտ ֆինանսավորող

Օգտվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընձեռած դրույթներից` փորձեցինք պաշտպանության նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից պարզել, թե ով է վահանակների պատվիրատուն և ով է ֆինանսավորել դրանց տեղադրումը:

Արդյունքում պարզվեց, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ «Կոչված և զորակոչված մեկ նպատակի» վահանակների տեղադրման նպատակով Երևանի քաղաքապետարանին էր դիմել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ըստ ՊՆ-ի՝ վահանակների պատրաստումը և տեղադրումն իրականացվել է ոչ պետական բյուջետային միջոցների հաշվին՝ անհատ բարերարների միջոցներով և ֆինանսավորմամբ:

Սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե իրականում ովքեր են այն անձինք, ովքեր միլիոնավոր դրամներ են ծախսել վահանակների վրա:

Օրենքների խախտմամբ

Երևանի քաղաքապետարանը հայտնեց նաև, որ «Կոչված և զորակոչված մեկ նպատակի» վահանակների գովազդը դիտարկել է որպես սոցիալական գովազդ 2016թ դեկտեմբեր ամսին:

Պարզելու, թե մասնավորապես Երևանի քաղաքապետարանի ո՞ր բաժինն է օժտված եղել գովազդները որպես սոցիալական դիտարկելու իրավասությամբ և կոնկրետ ե՞րբ են գովազդները դիտարկվել սոցիալական` Երևանի քաղաքապետարան ուղարկեցինք ևս մի քանի գրություն:

Ի պատասխան ուղարկված գրությունների` Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը տրամադրեց պահանջված տեղեկատվությունը՝ մասամբ չհայտնելով, թե 2016թ.-ի դեկտեմբեր ամսվա կոնկրետ ո՞ր օրն է իր ղեկավարած բաժինը գովազդները դիտարկել որպես սոցիալական և արդյո՞ք նրա կողմից կայացվել է համապատասխան գրավոր որոշում թե՞ ոչ:

Արդյունքում «Իրազեկ քաղաքացիներ միավորումը» գրանցեց օրենքի երկու խախտում.

ԱՌԱՋԻՆԸ․ խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածը և «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, քանի որ չեն տրամադրել պահանջված տեղեկությունը ամբողջությամբ, մասնավորապես` չեն հայտնել, թե 2016թ.-ի դեկտեմբեր ամսվա ո՞ր ամսաթվին է Երևանի քաղաքապետարանի կողմից գովազդներ դիտարկվել սոցիալական և չեն հայտնել, թե արդյոք կայացվել է այդ մասին գրավոր որոշում: Արդյունքում խախտվել է մեր տեղեկատվության ազատության իրավունքը, որի վերականգնման համար արդեն դիմել ենք Վարչական դատարան:

ԵՐԿՐՈՐԴԸ․ խախտվել է Գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 24.11.2016թ.-ին ընդունված և 15.12.2016թ.-ին ուժի մեջ մտած թիվ 1244-Ն որոշման պահանջները, որով կարգավորվում է գովազդը որպես սոցիալական գովազդ ճանաչելու կարգը: Մեր նախկին գրություններին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ նշված գովազդները սոցիալական դիտարկելու նպատակով հատուկ հանձնաժողով չի կազմվել, իրենց այդ հարցով դիմել է ՀՀ Պաշտպանության Նախարարությունը, իսկ գովազդները որպես սոցիալական դիտարկվել են Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից՝ 2016թ.-ի դեկտեմբերին: Այնինչ, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի գովազդը կարող է ճանաչվել սոցիալական միայն այդ նպատակով ստեղծված Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի կողմից: Քաղաքապետարանի վարչությունը կամ վարչության պետը նման լիազորություն չունեն: Այսինքն, տեղի է ունեցել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության 24.11.2016թ.-ի թիվ 1244-Ն որոշման պահանջների խախտում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karine says:

    Անհիմն, անլուրջ, ոչինչ չասող մեկնաբանություն: Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ոնց որ, թե գրելու նյութ, ասելիք էլ չունի, մարդիկ սպառել են իրենց, բայց աշխատանք է, պիտի անեն ու շարունակում են նման ՙՙդիտարկումներ՚՚ բաց թողնել: պարզապես դադարում եք լուրջ ընդունվել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728