Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի մոտ երկու տասնյակ համայնքային կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Բելգիահայերը Արմեն Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետներն ու գաղափարները Հայաստանի ապագայի վերաբերյալ, անդրադարձել համահայկական խնդիրներին ու տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածությանը:
Ներկայացնելով Հայաստանի ապագայի իր տեսլականը, Արմեն Սարգսյանն առաջնահերթ նպատակ է համարել կրթական ոլորտի զարգացումը ու արդիականացումը: Նա խոսել է նաեւ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին, կարեւորել առավել արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը:
Մամուլի հաղորդագրություն