«Այսօր լեզվի պետական տեսչության ձեռքերն ու ոտքերը շղթայված են»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե տարիներ շարունակ գործելով կառավարության կազմում՝ 2002-ից տեսչությունը դուրս եկավ կառավարության կազմից և ընդգրկվեց ԿԳ նախարարության կազմում: Ըստ պարոն Միրզոյանի՝ անընդունելի է այն, որ լեզվի պետական տեսչությունն, ըստ էության, այժմ զրկված է ստուգումներ իրականացնելու իրավունքից:
Պարոն Միրզոյանը փաստեց՝ մայրենիի պահպանության հարցում լուրջ խնդիրներ ունենք: Նա մանրամասնեց. «Այսօր մեր մայրաքաղաքում օտարագիր, օտարածին անուններով խանութներ, մշակույթի օջախներ, հյուրանոցներ լցվել են: Երևանը կարծես կորցրել է իր դեմքը: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել hotel-ների, motel-ների, open-ների petrol-ների և այլն: Եթե հայերեն գրվի խանութը բաց է՝ չե՞նք հասկանա, պետք է անպայման գրեն open: Գեղեցիկ հյուրանոց է վեր խոյացել քաղաքի կենտրոնում, բայց վրան ոչ մի հայերեն տառ»:
Պարոն Միրզոյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում մայրենի լեզվի օրը սկսվել է նշվել բավականին ուշացումով՝ 2005-ին, իսկ 2006-ին մայրենի լեզվի օրը մտավ մեր պետական տոնացույցի մեջ. «Այսօր շատերն են զբաղվում լեզվի պահպանության հարցերով, բայց ասեմ, որ արդյունքները տեսանելի չեն: Այսօր մենք լուրջ մտահոգվելու խնդիր ունենք լեզվի պահպանության, անաղարտության հարցում»:
Լավրենտի Միրզոյանը ցավով նշեց, որ արևմտահայերենն այսօր վտանգված լեզուների շարքում է գրանցված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն գրանցել է որպես վերացող լեզու. «Մենք փոքր ժողովուրդ լինելով հանդերձ՝ լեզվի պահպանությունը դրված է միայն ՀՀ-ի և Արցախի հանրապետության քաղաքացիների ուսերին: Աշխարհում հաշվվում ենք տասը միլիոնից ավելի հայեր, սակայն այսօր արևմուտքում արևմտահայերենը որպես գրական լեզու չի օգտագործվում: Քառասուն տարեկանից ցածր տարիքի հայերը հայերեն չեն խոսում: Նրանց ազգանվան մեջ յան-ը պահպանվում է, պահպանվում է ազգային ոգին, բայց արևմտահայերեն չեն օգտագործում: Մեր հանրապետությունում պետք է լինի պետական կառավարման օղակ, որը կզբաղվի այս հարցերով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ