Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ամենը կապ ունի Թուրքիայի իշխանությունների բարեհաճության հետ». փորձագետը՝ Պոլսի պատրիարքարանի մասին

Փետրվար 19,2018 16:32

«Պատրիարքարանի կանոնադրության մեջ նշված է, որ պատրիարքի պաշտոնը պետք է զբաղեցնի մի անձ, որը ստանում է Թուրքիայի իշխանությունների աջակցությունն ու հաստատումն այդ պաշտոնում: Գարեգին արք. Բեկչյանի ընտրության դեպքում տեսանք, որ գործընթացը հարթ չէ, եւ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուն լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց թուրքագետ Անդրանիկ Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ փետրվարին Ստամբուլի նահանգապետարանը հայտարարեց՝ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պոլսի պատրիարքական փոխանորդ, իսկ Գարեգին արք. Բեկչյանը, որն ավելի վաղ ընտրվել էր տեղապահ, հեռացավ Ստամբուլից: «Այս ամենի համատեքստում հասկանալի է, որ պատրիարքարանի գործունեությունն ուղղակիորեն կախված է Թուրքիայի իշխանությունների ցանկությունից եւ աջակցությունից»,-նկատեց թուրքագետը:

Անդրադառնալով Արամ արք. Աթեշյան-Թուրքիայի իշխանություններ հարաբերություններին՝ Անդրանիկ Իսրայելյանը նկատեց. «Նա անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ: Այն այսպես կոչված առաջընթացը, որը կա պատրիարքարան-պետություն հարաբերություններում, հենց այդ անձնական եւ ջերմ հարաբերությունների շնորհիվ է: Օրինակ, ազգայնականների հարձակումները պատրիարքարանի շենքի վրա վերջին շրջանում, կարելի է ասել, դադարել են: Դա կապ ունի իշխանությունների բարեհաճության հետ»:

Փորձագետի խոսքով՝ կարելի է հասկանալ այն պատճառներն ու իրավիճակը, որոնցից ելնելով՝ Արամ արք. Աթեշյանն, օրինակ, ներողություն է խնդրում Էրդողանից այն բանի համար, որ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել, կամ երբ պատրիարքարանը հանդես է գալիս Թուրքիայի՝ սիրիական Աֆրին ներխուժելու գործողությունը ողջունող հայտարարությամբ: «Չեմ բացառում, որ Թուրքիայի իշխանությունների կողմից ազդակ է եղել առ այն, որ նման հայտարարություն լինի»,-ընդգծեց Անդրանիկ Իսրայելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

լուսանկարը՝ «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728