Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Քանի դեռ միջազգային կառույցները եւ գերտերությունները միայն ունկնդիր եւ դիտորդ են, մեր երկրի նախագահի խոսքը ահազանգ է»

Փետրվար 19,2018 16:25

«Աշխարհը  շատ արագ է փոխվում եւ տեղեկատվությունը հոսում է ավելի արագ, հակասությունները, հակադրությունները, հակամարտությունները շատ ավելի ցցուն եւ ագրեսիվ են դառնում: 21-րդ դարը  սկսվել եւ սպառնում է դառնալ լարվածությունների դար եւ հարկավոր է անչափ զգոն ու ուշադիր լինել։ Ակնհայտ է, որ մինչ Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է անում Երեւան հասնելու մասին եւ  միջազգային կառույցները , կարծես, անլուրջ են վերաբերում այդ հայտարարություններին, մեր երկրի նախագահը այս անգամ արդեն Մյունխենում, նույն միջազգային հանրությանը  նորից ու կրկին բացատրում է, թե ո՞րն է իրականությունը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը եւ, թե արդյոք  պիտի՞ լուրջ վերաբերվել այդ երկրի նախագահի, առաջին հայացքից, ոչ ադեկվատ հայտարարություններին»,- պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Մյունխենյան հանդիպումները, նախագահի ելույթը եւ  պատասխանները տարբեր կառույցներ ներկայացնողների հարցերին, միանշանակ  հերթական ապացույցն են, որ Հայաստանի Հանրապետությունը  իրականում շատ ավելի է ինտեգրված եւ համահունչ միջազգային չափանիշներին, միջազգային բոլոր նորմերին եւ հենց այդ դիրքերից էլ իրականացնում է իր արտաքին քաղաքական գիծը: Անկեղծ ասած, ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, որը մշտապես հայտարարել է, թե քանի դեռ մենք  ունենք չկարգավորված խնդիր, քանի դեռ Արցախի հարցը մնում է  առկախված մեր երկիրը պիտի ղեկավարի մարդ, որն այս խնդրի ակունքներում է, որը հականե-հանվանե գիտի հարցի բոլոր երեւացող եւ չերեւացող կողմերը եւ որն ունի իրավունք, պատասխանատվություն եւ պարտականություն, միջազգային հանրության առջեւ խոսելու եւ հարցի լուծման ուղիները պնդելու ու պահանջելու, անչափ կարեւոր է, որ սթափության կոչը եւ երկակի ստանդարտներից ձերբազատվելու պահանջը դրվում է հստակ, պարզ եւ տեսանելի, եւ այսպես պիտի լինի նաեւ այսուհետ», -շարունակեց մեր զրուցակիցը:

Պատգամավորի կարծիքով, այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան համաժողովում բաց եւ շիտակ խոսեց այսօր անչափ կարեւոր հարցերի շուրջ, անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջ մղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին, ապացույցն է մեկ կարեւոր փաստի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գիծը հաճախ շատ ավելի եվրոպական է, միջազգային նորմերին համահունչ, քան շատ այլ երկրների քաղաքական գծերը:

«Չշրջանցելով ոչ մի հարց, նախագահը խոսեց նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ: Ուստի, Ադրբեջանի նախագահը, իր հերթական ռազմատենչ եւ, էլի եմ կրկնում, միայն առաջին հայացքից զավեշտ հիշեցնող հայտարարություններով, ստիպում է աշխարհին, որ ավելի ուշադիր եւ զգոն լինեն։ Կարծում եմ, այդ հայտարարությունները պիտի ընդունվեն ամենայն լրջությամբ։ Մինչ այն պահը, քանի դեռ միջազգային կառույցները եւ գերտերությունները միայն ունկնդրի եւ դիտորդի կարգավիճակում են իրենց դրսեւորում, մեր երկրի նախագահի խոսքը ահազանգ է եւ դրան պարտավոր են ականջալուր լինել գերտերությունները»,- վստահ է պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Մեջբերելով ՀՀ նախագահի խոսքից մեկ հատված, մեր զրուցակիցը շեշտեց՝ աշխարհը այս անգամ անտարբեր լինելու իրավունքը չունի. «Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար` նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։ Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով»։

Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական ծրագրերից: Այդ մասին հարց տրվեց նաեւ ՀՀ նախագահին, Մյունխենում: Պատգամավորի կարծիքով, այս մասին խոսողները մոռանում են, որ մեզ համար կարեւորը Արցախի խնդրի լուծումն է եւ այն սակարկելի չէ, իսկ մնացած, «խողովակային» գծերը  շատ ավելի խոցելի կդառնան  լարվածության պայմաններում։

Սերժ Սարգսյանը մյունխենյան իր ելույթում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական արձանագրություններին եւ դրանց ճակատագրին: «Նախագահը արդեն որերորդ անգամ, խոսելով  հայտնի արձանագրությունների մասին, նշում է, որ այդ արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից եւ եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Սրանից ավելի հստակ երեւի չի ասվի, եւ սա հենց այն է, որ պիտի աներ նախագահը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728