Ռուսաստանի Չելյաբինսկ մարզում սկանդալ է բարձրացել՝ կապված մանկատուն-ինտերնատում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների հետ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Երեխաների նկատմամբ բռնի գործողությունների մասին հայտնել են երեք ընտանիքներ, որոնք մանկատնից հետ են վերցրել 10-14 տարեկան 7 երեխաների: Սեռական ոտնձգությունների մասին երեխաները սարսափելի պատմություններ են պատմել. բոլոր պատմություններում նշվում են նույն կերպարները՝ մանկատան 4 մանկավարժ և 2 կողմնակի անձ:
Չնայած դրան՝ ձերբակալվել է միայն մեկ մարդ՝ 51-ամյա մի բնակիչ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 132 հոդվածի 4-րդ մասով (մինչև 14 տարեկանի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն): Գործով տուժած է ճանաչվել 7 անչափահաս երեխա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ