Պատասխանելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի հարցին` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Պարոն Սարգսյանի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունենք: Վստահ եմ, որ եթե ինքը դառնա նախագահ, մեր երկիրը շատ կշահի, սա համոզում է ինձ համար, որովհետեւ նա մարդ է, որն ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլականը»:
Լեւոն Մկրտչյանը նաեւ հավելեց, որ որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ինքը մասնակցել է Դաշնակցության հետ Արմեն Սարգսյանի հանդիպմանը, որտեղ նախագահի թեկնածուն խոսել է նաեւ կրթության ոլորտի մասին:
«Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է ձեւն ամբողջությամբ լուծվի բովանդակությամբ: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը կարող է օգտակար լինել իր քեմբրիջյան փորձով, որովհետեւ ողջ աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է: Այն մասնագիտությունների մեծ մասը, որ հիմա ուսուցանում ենք, հաշվել են աշխարհում, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կարող է գոյություն չունենալ: Լոնդոնյան վերջին համաժողովի ժամանակ հիմնական քննարկումն այն թեմայով էր, որ պետք է պատրաստվենք մի բանի` չիմանալով, թե ինչ է լինելու առաջիկայում: Սա, բնականաբար, ենթադրում է արմատական փոփոխություն կրթական համակարգում»,-հավելեց ԿԳ նախարարը:
Նախարարն ասաց, որ Գիտության թանգարանի ստեղծման գաղափարը հենց Արմեն Սարգսյանինն է: Նաեւ տեղեկացրեց Երեւանում ժամանակակից չափանիշներով պլանետարիում ունենալու մասին, որի իրականացման համար 1 մլդ 740 մլն ներդրում է կատարվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ