Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ աշխարհում ինքնասպանությունների թիվը մոտենում է մեկ միլիոնի:
«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգը վստահեցրեց՝ ինքնասպան են լինում և՛ զարգացած, և՛ հետամնաց երկրներում. «Զարգացած երկրներում ինքնասպան են լինում հոգեբանական գործոնների պատճառով, միջին մակարդակի երկրներում տնտեսական զարգացումներն ու գործունեությունը, նաև անձնական հոգեբանական խնդիրներն են պատճառը, հետամնաց երկրներում՝ աղքատությունն ու անելանելի վիճակը»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ ինքնասպանությունների մեծ մասը տեղի է ունենում գարնանը. «Մարդը գարնանն ակտիվանում է, դա ինչ- որ իրագործում է պահանջում, ուստի այն մարդիկ, որոնք իրագործման ելք չեն տեսնում, ինքնասպանությունն է դառնում ելքերից մեկը»:
Ինքնասպանությունների թվով ՀՀ-ն աշխարհում 183 երկրների ցանկում 103-րդ հորիզոնականում է: Ըստ սոցիոլոգի՝ Հայաստանում տարեկան 200-210 ինքնասպանության դեպք է գրանցվում. «60 տոկոսը կախաղանի միջոցով, մոտ 32 տոկոսը սուր գործիք են օգտագործում կամ դեղ խմում կամ թույն, միայն 10-12 տոկոսը բարձրահարկ շենքերից կամ կամուրջներից է ինքնասպանության դիմում»:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը հայտնեց, որ ամենից շատ ինքնասպանությունների դիմում են մինչև 30 տարեկանները. «Մարդ ուղղակի մահափորձ չի կատարում. դրանից առաջ տեսնում ենք վարքը, իրավիճակը փոխված է. կարող է տխուր ու տարօրինակ լինել: Իրենից ինֆորմացիա է գալիս: Հատկապես երիտասարդների մոտ շատ սուր է անարդարության զգացումը: Մի քանի գործոններ են հանգեցնում ինքնասպանության»:
ԱՀԹ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Նշան քահանա Ալավերդյանն էլ նկատեց. «Այս իրավիճակն ահազանգ է ցույց տալու, որ իրար քիչ ենք սիրում: Հարևանն անգամ հարևանից տեղյակ չէ, եղբայրը եղբորից, ծնողը՝ զավակից. հարաբերությունների մեջ սառը պատեր կարող է ձևավորվել: Կարիք ունենք կյանքի վերաիմաստավորման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ