Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում գրանցված միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով: «Ոստիկանությունից ստացել ենք հարուցված քրեական գործ, որն ընդունվել է վարույթ: Կատարվում է քննություն»,-Aravot.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Թե երբ հնարավոր կլինի խոսել անհրաժեշտ դատավարական գործողությունների մասին, նա նշեց. «Նախ, քննիչը կծանոթանա քրեական գործի նյութերին, կմշակվի քննչական պլան»: Դրանից հետո միայն, մեր զրուցակցի փոխանցմամբ, կկատարվեն անհրաժեշտ քննչական, իսկ հաջորդիվ՝ դատավարական գործողություններ:
Հավելենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ միջադեպի մասնակից-ավագանիների հետ հեռախոսակապ հաստատել տեւական ժամանակ է՝ չի ստացվում: Փետրվարի 13-ի նիստում նրանք կոյուղաջուր էին բերել եւ ցանկացել հրամցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ական ավագանիներն էլ ուժի գործադրմամբ էին նրանց չեզոքացրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ