Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Հատուկ կրթություն իրականացնող հաստատություններում կեղծ ամրագրումներ են լինում»

Փետրվար 19,2018 14:38

Փետրվարի 19-ին կայացած ասուլիսում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոսեց 2017-ին իրականացված աշխատանքներից եւ անդրադարձավ 2018-ի կարեւոր նախագծերին: Նախարարը կարեւորեց ԶԼՄ-ների ուշադրությունը կրթության ոլորտի հանդեպ, եւ ասաց, որ նաեւ «թեժ գծին» ստացված զանգերն ու հ/կ-ների բարձրացրած խնդիրներն են նպաստում, որ իրենց աշխատանքն ավելի կանոնակարգված ընթանա:

Խոսելով անցյալ տարի կատարվածի մասին, որն արդեն ներկայացրել է ՀՀ վարչապետին, նախարարն ասաց, որ հաշվետվությունն ամբողջությամբ զետեղված է իրենց edu.am կայքում, սակայն, այնուամենայնիվ, մի քանի թիվ հրապարակեց եւ կարեւոր ուղղություններ առանձնացրեց: Խոսեց նախակրթարանների ներդրման ծրագրից, ներառական կրթության դաշտում առկա խնդիրներից: Նշեց, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 172 երեխա տեղափոխվել է սովորական հանրակրթական դպրոց, իսկ 8300 երեխաների համար ստեղծվել է ուսուցչի օգնականի հաստիք եւ 520 օգնական է աշխատում:

Նախարարն ասաց, որ ՀԲ աջակցությամբ 27 միկրոծրագիր է իրականացվել ոլորտում:

Լեւոն Մկրտչյանը փաստեց նաեւ, որ հաճախ հատուկ կրթություն իրականացնող հաստատություններում կեղծ ամրագրումներ են լինում, որովհետեւ այդ կրթօջախներում ֆինանսավորումը բարձր է: «Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր»,-շեշտեց պարոն Մկրտչյանը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ 16 առարկաների գծով աշակերտական օլիմպիադաներին, որոնց մասնակցել է 1490 սովորող: Նշվեց, որ միջազգային օլիմպիադաներից մեր երեխաները 5 արծաթ եւ 8 բրոնզ են բերել:

Ասուլիսի ժամանակ խոսք գնաց դպրոցների էլեկտրոնային գրադարանների, դպրոցական դասագրքերի ծավալների մասին: Փաստվեց, որ դպրոցականների պայուսակների ծանրությունը շարունակում է մտահոգիչ լինել: Նախարարը կոչ արեց ծնողներին դասագրքերից բացի, այլ բաներով չծանրաբեռնել երեխաների պայուսակները, նաեւ պակասեցնել նրանց ընդմիջման համար նախատեսված ուտելիքի չափերը:

Նշեց, որ 2017 թ. 13 դպրոցներում ֆինանսական կրթության պիլոտային ծրագիր է ներդրվել, ըստ այդմ 46 ուսուցիչ է վերապատրաստվել եւ 6000 սովորող ընդգրկվել ծրագրում: Տեխնոլոգիա առարկայի ծրագիր է ներդրվել, որում ներգրավված է 62900 աշակերտ: Նախարարը աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությանը:

Օտար լեզուների խորացված ուսուցմամբ ծրագրերին էլ անդրադարձ եղավ: Ասաց, որ Բրիտանական խորհրդի աջակցությամբ բացվում են անգլերենի ակումբներ, բավականին առաջ են գնացել ֆրանսերենի առումով, ինչ վերաբերում է ռուսերենին, աջակցություն են խնդրել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ից:

Նախարարը խոսեց նաեւ COAF-ի Լոռու մարզում հիմնադրած Սմարթ կենտրոնից, չինարենի խորացված ուսուցմամբ ժամանակակից պայմաններով դպրոցից, որի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից, որից օգտվում է 90000 աշակերտ, ինչպես նաեւ «Թումոյի» հաջողված փորձից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728