Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները քաշքշել են մեր տղաներին, իսկ ձեռքս այնպես սեղմել, որ կապտել էր». Գեղեցիկ Տոնոյան

Փետրվար 19,2018 13:55

ՀՀ վարչական դատարանում այսօր քաղաքացիական ակտիվիստ, «Հայ կանանց ճակատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Գեղեցիկ Տոնոյանի գործով նիստը չկայացավ, քանի որ դատավորը գործուղման մեջ էր: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին դատարանը որոշում պետք է կայացներ, բայց դատարանը որոշել էր գործի վարույթը նորից քննել: Դեռեւս հայտնի չէ, թե ինչու:

Այս գործով ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել տուգանքի տեսքով՝ գտնելով, որ Գեղեցիկ Տոնոյանը 2016թ. մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի կազմակերպված հավաքի ժամանակ խոչընդոտել է վերջինիս բնականոն ընթացքին, այնուհետեւ՝ չի կատարել ոստիկանի՝ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու մասին պահանջը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեպքին՝ Գեղեցիկ Տոնոյանը նշեց՝ ոստիկանների կողմից իրեն որեւէ պահանջ չի ներկայացվել, փոխարենը, տիկին Տոնոյանի խոսքով, առանց պատճառի իրեն եւ մյուս ցուցարարներին բերման են ենթարկել:

Մեր զրուցակիցը պատմեց, որ դեպքի օրը ցուցարարներից մի քանիսն իրենց մեխել էին ասֆալտին, իսկ իրենք նախապես չէին իմացել, որ ցույցը նման գործողություն է ներառելու: «Մենք էլ պաստառով կանգնեցինք մայթեզրին: Ոստիկանները քաշքշեցին տղաներին, ես էլ նրանցից մի երկուսին հրեցի, որ տղաներին բան չանեն…հետո հրահանգեցին՝ «սաղին հավաքեք-գցեք մեքենաները», ինչից հետո երկու ոստիկաններ ինձ բռնեցին թեւերից: Այնպես սեղմեցին, որ ձեռքս կապտել էր: Տարան-գցին ոստիկանական մեքենան: Ոչ ոք չբացատրեց, թե ինչու մեզ հետ այդպես վարվեցին»,-պատմեց Գեղեցիկ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանական բաժնում, որտեղ երկրորդ անգամ էր հայտնվել, ոստիկանության իրավաբանն է իրեն հանդիպել. «Նա ասաց՝ «այս անգա՞մ ինչու են ձեզ բերել, էլի անմե՞ղ էիք»: Ես չպատասխանեցի, բայց նա շարունակեց՝ այդպես եք անում, որ ձեզ ոչ ոք չի հարգում»: Ես էլ ասացի՝ «ձեր հարգանքը մեր համար ավելի շատ վիրավորանք է»: Համոզված եմ, որ այդ արտահայտության համար ինձ վրա գործ հարուցեցին»:

Առաջիկա նիստի մասին վարչական դատարանը լրացուցիչ կիրազեկի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728