Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերի կառավարման խորհուրդներում այլեւս պաշտոնյաներ չեն լինի». Անահիտ Հարությունյան

Փետրվար 19,2018 13:54

Բուհերի կառավարման խորհուրդներում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով որեւէ պաշտոնյա ղեկավար անձ չի լինելու:

«Չի կարող համալսարանը լինել քաղաքականացված, այն կարող է լինել խիստ մատչելի ու բաց աշխարհի համար, խիստ մշակութային կամ գիտական, բայց քաղաքականացված, քաղաքական ուժերի ազդեցության տակ չի կարող լինել»,- այսօր «Հայելի» ակումբում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծին անդրադառնալով՝ ասաց «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը:

Նրա կարծիքով, թեեւ գործող օրենքն էլ վատը չէր, բայց նոր օրենքը շատ ավելի օգտակար կլինի, այն պարտադրված է միջազգային պայմանագրերով. «Առաջարկվող փոփոխություններն էական են, հուսով եմ՝ դրանք կրթողների ու կրթվողների շահերին կծառայեն: Այն համահունչ է եվրոպական կրթական տարածքում գործող օրենքներին»:

Իսկ ինչ է նախատեսում նոր օրենքը, տիկին Հարությունյանի մեկնաբանմամբ. «Ասպիրանտուրային տալիս է բովանդակային իմաստ, մեզ մոտ էլ եւս գիտական թեզերը կպաշտպանեն երրորդ կրթական փուլում, կպաշտպանեն մեկ գիտական թեզ ու կստանան մեկ գիտական աստիճան: Մինչդեռ երբ բոլոնյան հռչակագիրը ստորագրեցինք ու մտանք այդ գործընթացի մեջ, ՀՀ-ում գործում էր երկու աստիճան՝ թեկնածու, դոկտոր»:

Ըստ բանախոսի՝ օրենքում բոլոր փոփոխությունները ՀՀ կրթական վկայականներն ու դիպլոմները դրսում ավելի ճանաչելի դարձնելուն են միտված:

Նոր օրենքը նախատեսում է նաեւ նախաբակալավրիական կրթություն:

«Այն օգուտ է կրթվողներին, որովհետեւ հնարավոր է, որ մարդը չկարողանա ինչ-ինչ պատճառներով ավարտել բուհը ու կիսատ թողնել ուսումը, բայց նա ձեռնունայն չի գնա համալսարանից, կստանա ինչ-որ աստիճան: Նախաբակալավրիական կրթությունը մեկուկես տարի տեւողությամբ է լինելու»:

Տիկին Հարությունյանը նաեւ բացթողում է արձանագրել օրենքի նախագծում, դրանցից առանձնացրեց կարեւորը. «Օրենքի նախագծում չի տրված բարձրագույն կրթության սուբյեկտների տեսակները, տարբերակված չեն ինստիտուտներն ու համալսարանները, կոնսերվատորիա եւ այլն, դա մեծ բաց է ու շարունակելու է այն ազդել մեր բարձրագույն կրթության վրա, մինչդեռ դա անհրաժեշտ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728