Նախորդ օրը «75 ա» համարի միկրոավտոբուսում հերթական քաղաքացին թալանվեց: Գրպանահատները տարել էին տիկնոջ դրամապանակը` 100 հազար դրամով: Գողացել էին հիվանդանոցի համար նախատեսված գումարը: Արդեն հիվանդանոցում հայտնաբերելով, որ դրամապանակը չկա, տիկնոջ ինքնազգացողությունը միանգամից վատացել է, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Սա վերջին մի քանի ամսում գրպանագողության հարյուրավոր դեպքերից մեկն է: Գողության այս տեսակն այսօր հատկապես Երեւանում ամենատարածվածն է, որի դեմը ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում առնել այնպիսի արդյունավետությամբ, ինչպես որ շատ հաճախ իրեն դրսեւորում է խաղաղ ցույցերը ցրելիս: Քաղաքացիներն ահազանգում են թիվ 70, 27, 99, 75 ա, 47 եւ մի շարք այլ երթուղայիններում գրպանագողության դեպքերի մասին, ոստիկանությունում դիմումներ են գրում, սակայն դեպքերը գնալով ավելանում են: Դիմումների որոշ մասն էլ ապացույց չլինելու պատճառաբանությամբ կարճվում են: Գրպանագողերից տուժած քաղաքացիները վստահ են, որ ոստիկանները, նախաքննական մարմինները գործերը պարզապես գլխառադ են անում, իսկ ներկայացված ապացույցների հետեւից նույնիսկ չեն էլ գնում, որ ռեսուրսներ չծախսեն: Մինչդեռ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների անվտանգության համար ոստիկանությունը, քննչական մարմինները թալանված քաղաքացիների վճարած հարկերից միլիոններ են ստանում: Միայն անցյալ տարի հենց այդ նպատակով բյուջեից այդ կառույցներին տրամադրվել է 84 միլիոն 320 հազար 290 դրամ:
«Առավոտ»
17.02.2018