«Մենք հաճախ ենք սխալմամբ դիտարկում Հայաստանի` որեւէ օտար պետության հետ ունեցած հարաբերությունները Հայոց ցեղասպանության հանդեպ վերջինիս ունեցած պաշտոնական դիրքորոշման բացասական կամ դրական լինելու տեսանկյունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Հիշեցնենք, Կնեսետի լիագումար նիստում փետրվարի 14-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը: Խորհրդարանականների մեծամասնությունը, սակայն, պաշտպանել է Իսրայելի արտգործնախարարության մոտեցումը՝ չընդունել օրենքը՝ «դրա բարդության եւ դիվանագիտական հետեւանքների պատճառով»:
Հայոց ցեղասպանության ճանաչմանը դեմ են քվեարկել 41, իսկ կողմ՝ 28 պատգամավոր: Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք` նոր զարգացող հայ-իսրայելական հարաբերությունների համար այս մեկնարկն ի՞նչ է խոստանում: «Հայ-իսրայելական հարաբերությունները դեռեւս չգործարկված մեծ ներուժ են պարունակում, թեեւ դրանցում առկա վտանգավոր խութերը դեռեւս պահպանվում են: Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ջանքեր գործադրենք այս հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար»,- ասաց նա:
«Առավոտ»
17.02.2018