ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն Արցախի կարգավորման հարցում իր նոր մոտեցումները ՀՀ եւ Արցախի իշխանություններին չի փոխանցի. վերջիններս հետաքրքրված չեն:
– Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը` եթե Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքներ» կնքվեն, ապա Հայաստանը կհայտնվի ԱՄՆ պատժամիջոցների թիրախում: Հայտնի է, որ հայկական կողմը զենք ձեռք է բերում հիմնականում ՌԴ-ից: Այս «սպառնալիքը» մինչեւ ո՞ւր կարող է հասնել, եւ ի՞նչ իրավիճակ կստեղծի Հայաստանի համար:
– Ներկայումս ԱՄՆ-ի ու վերջինիս ռազմավարական դաշնակիցների կողմից վարվող քաղաքականությունը միտված է Մերձավոր եւ Միջին Արեւելքում դեռեւս Խորհրդային Միության օրոք ձեւավորված ազդեցության գոտիների վերացմանը: Այս գործընթացը ներառում է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանը: Գործընթացը առաջ է տարվում փուլ առ փուլ, ու եթե դրա առաջին փուլը նախատեսում էր Իսրայելի համար ռազմական առաջնային սպառնալիք հանդիսացող Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի ու Եմենի պետականության եւ զինված ուժերի աղետալի թուլացում կամ կործանում, ապա այժմ կարող ենք սկսված համարել գործընթացի երկրորդ փուլը, որի նպատակն է լինելու Ռուսաստանի ու Իրանի ազդեցության էական կամ լիակատար կրճատումը նշված տարածաշրջաններում, ինչպես նաեւ նրանց միջեւ այսօր առկա ռազմավարական, ռազմաքաղաքական հետագա փոխգործակցության ձախողումը: Հայաստանի հանդեպ ԱՄՆ կողմից գործադրվելիք պատժամիջոցների հավանականությունը անհրաժեշտ է գնահատել հենց այս նպատակներին հասնելու համար պաշտոնական Վաշինգտոնի կողմից կիրառվող ջանքերի համատեքստում: Այս տեսանկյունից ամերիկյան վարչակազմը կարող է «էական գործարք» համարել ոչ միայն Ռուսաստանից հայկական բանակին անհրաժեշտ սպառազինությունների գնումները, այլեւ անգամ ՀՀ պետբյուջեից` Հայաստանում տեղակայված Գյումրիի ռուսական ռազմակայանի կամ 1992թ. կնքված միջկառավարական պայմանագրի հիման վրա հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանները պահպանող, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապօրինաբար սահմանային հսկողություն իրականացնող ռուս սահմանապահների գործունեության ապահովման համար հատկացվող գումարները:
– Մինչ այդ հրապարակվել էր «Կրեմլյան ցուցակը», որտեղ նույնպես ազգությամբ հայեր կան, նրանցից մեկն էլ Հայաստանում ներդրումային ծրագրեր է իրականացնում: Այդ ցուցակը դեռ նախազգուշացնող էր, պատժամիջոցների ցանկում ընդգրկվածները հայտնի կդառնան մոտ ապագայում: Ստացվում է՝ Հայաստանն անուղղակի շարունակելու է կրել ռուսական պատժամիջոցների ազդեցությունը: Աշխարհաքաղաքական մոտեցումների վերանայման կարիք, անհրաժեշտություն եւ հնարավորություններ կա՞ն այսօր:
– Կարծում եմ, որ այդ ցուցակում հայտնված մարդկանց հանդեպ շատ տարբերակված վերաբերմունք է դրսեւորվելու ԱՄՆ իշխանությունների կողմից: Հավանաբար Ռուսաստանում ծավալած գործունեության շնորհիվ մեծ կարողություններ դիզած մեր «ցուցակագրված» հայրենակիցների ուղիղ ներդրումները Հայաստանում, այնուամենայնիվ, կքաջալերվեն, սակայն երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւոր ոլորտներում մենաշնորհ սահմանելու նրանց փորձերը կարող են շատ կոշտ հակազդեցության հանդիպել եւ անհատական պատժամիջոցների կիրառման պատճառ դառնալ:
– Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցը, որում խոսվում է 2018-ին Արցախյան հակամարտության էսկալացիայի մեծ հավանականության մասին եւ հատուկ ընդգծվում, որ ՌԴ-ն զինում է կողմերին: Ուշագրավ է, որ զեկույցում անդրադարձ չկա ԱՄՆ բարեկամ եւ դաշնակից Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող մեծաքանակ զենքի մասին:
– Այդ զեկույցը եւս անհրաժեշտ է դիտարկել բացառապես ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության նպատակների համատեքստում. հակամարտության գոտում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը վտանգելու է Հարավային Կովկասում ռուսական հետագա ռազմական ներկայության հեռանկարը՝ անկախ այն բանից, թե հակամարտ կողմերից ո՞ր մեկը առավելության կհասնի ռազմի դաշտում: Սա այն դեպքում, իհարկե, եթե Ռուսաստանն ինքը հանդես չգա ստեղծված իրավիճակը զենքի կիրառմամբ փոփոխելու եւ սեփական դիրքերն էապես ամրապնդելու նախաձեռնությամբ: Բայց այս սցենարի կիրառումն ամեն դեպքում լուրջ ռիսկեր է պարունակելու Մոսկվայի համար, հատկապես նաեւ այն պատճառով, որ ներկայումս դժվար թե հնարավոր լինի ցանկալի արդյունքին հասնել առանց Իրանի գործուն աջակցության` հենց Հարավային Կովկասի տարածքում: Մինչդեռ, իմ կարծիքով, ռուսական կողմը ամենեւին շահագրգռված չէ Արաքսից հյուսիս ընկած շրջաններում Իրանի փաստացի ազդեցության ու ակտիվության աճը թույլ տալու հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է նշված զեկույցում Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին հիշատակության բացակայությանը, ապա դա ինձ չի զարմացնում. որքան հասկանում եմ, պաշտոնական Բաքուն դիտարկվում է որպես Իրանի դեմ ուղղվելիք գործողություններում արդեն իսկ ներգրավված դաշնակից:
– Ուշագրավ է, որ Թրամփի անձնակազմն առաջարկել է 2019 թվականից փակել Ադրբեջանին եւ Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին եւ Ադրբեջանին այլեւս կլինի տնտեսական: Սա ինչպե՞ս ընկալել:
– Զուտ ֆինանսավորման ծավալների տեսանկյունից Հայաստանին ու Ադրբեջանին ցուցադրվող ամերիկյան ռազմական աջակցությունը մեծ չի եղել: Այս առումով նշված առաջարկը, թերեւս, ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունի: Դրա իրագործումը ցույց է տալու, որ ԱՄՆ-ը նպատակ ունի աջակցելու տարածաշրջանում խաղաղության կայացմանը, այլ ոչ թե հակամարտ կողմերի պատերազմական հնարավորությունների ընդլայնմանը: Այսպիսով, պաշտոնական Վաշինգտոնը մի կողմից՝ վերոհիշյալ զեկույցի միջոցով ահազանգում է պատերազմի հավանական վերսկսման վտանգի, իսկ մյուս կողմից էլ՝ հռչակում է կողմերին ռազմական, թեկուզ եւ փոքր, աջակցություն ցուցաբերելու մինչ օրս որդեգրած քաղաքականությունից հրաժարվելու մասին:
– Երեւանը եւ Զանգեզուրը գրավելու մասին Ալիեւի հոխորտանքներին հայկական կողմը շարունակում է հեգնանքով վերաբերվել: Բայց 2016-ին կրկին համոզվեցինք, որ նման հայտարարությունները, թեկուզ ինչ-որ պահի քարոզչական նպատակներով արված, կարող են իրականություն դառնալ: Դուք Արցախյան հարցում նոր մոտեցումներ էիք առաջարկում: Գուցե ժամանա՞կն է դրանք պաշտոնական ատյաններին ներկայացնելու, գուցե ընդառա՞ջ գնան:
– Որքան գիտեմ, Ադրբեջանի պաշտոնատարներից մեկը լրացուցիչ պարզաբանել է պարոն Ալիեւի այս խնդրին առնչվող խոսքերը: Ադրբեջանական կողմի պնդումների համաձայն՝ պարոն Ալիեւը նկատի ուներ ոչ թե պատերազմական ճանապարհով Երեւանի ու Զանգեզուրի բռնակցումն Ադրբեջանին, այլ ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական էթնիկ տարրի պատմական երբեմնի ներկայության վերականգնումը խաղաղ ճանապարհով: Թե պարոն Ալիեւի ասածը, թե ադրբեջանցի պաշտոնատարների կողմից տրված պարզաբանումները քաղաքական տեսանկյունից խիստ ուշագրավ են եւ պետք է լուրջ ազդակ դառնան հայաստանյան իշխող վերնախավի համար` սեփական բանակցային մոտեցումները էապես վերանայելու առումով:
Ինչ վերաբերում է մեր թիմի կողմից մշակված առաջարկներին, ապա պաշտոնական ատյաններն առայժմ որեւէ շահագրգռվածություն հանդես չեն բերում այս հարցում: Այդ ատյանները կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում կոնկրետ քայլեր նախաձեռնել ու շարունակում են հակամարտության կարգավորման հեռանկարը կապել բացառապես Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդը հակառակորդին հանձնելու սցենարի իրականացման հետ, որը ներկայացվում է որպես խաղաղության հասնելու միակ հնարավոր տարբերակ: Ես չեմ կարող այդ մարդկանց ստիպել փոխել իրենց այս մոտեցումը, եթե իրենք անձնապես շահագրգռված չեն այլ տարբերակի գործադրմամբ: Իրենք պետք է ցանկանան փոխել մեզ համար անբարենպաստ այս ընթացքը եւ հանդես գան որպես մասնագիտական աշխատանքը իրականացնող խմբի պատասխանատու գործընկեր. միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել մեզ համար ընդունելի արդյունքների ու արժանապատիվ տեւական խաղաղության:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
17.02.2018