Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին այնպիսի առաջարկ է արել, որ կառավարությունը չի կարողացել մերժել

Փետրվար 19,2018 14:00

Մեկ ամիս շարունակ հանրային քննարկման էր դրված աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին որոշման նախագիծը: Չնայած քաղաքացիների դժգոհություններին՝ նախագծին կառավարությունը հավանություն տվեց: Այդուհանդերձ, այս մասով քաղաքացիների դժգոհության ալիքը դեռ չի մարել: e-draft.am կայքում էլ, որտեղ քվեարկության էր դրված նախագիծը, կարծիք արտահայտողների գերակշիռ մասը` 756 քաղաքացի, դեմ էր քվեարկել, եւ միայն 191-ն էր կողմ եղել արգելքին:
Մի շարք քաղաքացիներ նույն կայքում նախագծի վերաբերյալ կարծիքներ ու առաջարկություններ էին ներկայացրել, թե ինչու պետք է կառավարությունը հետ կանգնի իր այդ մտադրությունից, որեւէ մի առաջարկ, սակայն, կառավարության պատասխանատուների կողմից հավանության չէր արժանացել, բոլոր կարծիքների դիմաց նշված է` չի ընդունվել: Միայն մի առաջարկ էր ընդունվել, որը, սակայն, նախագծի հետ որեւէ կապ չուներ:

Ինչպես տեղեկանում ենք վերոնշյալ կայքից, քաղաքացի Արման Հովհաննիսյանը, որը մինչ այդ առաջարկություն էր արել եւ մյուս քաղաքացիների պես մերժվել, փորձել է մի այնպիսի առաջարկ անել, որը կընդունվի: Նա նախագծում տառասխալ էր հայտնաբերել` «Կառավարություն» բառի փոխարեն գրված է եղել «Կռավարություն», եւ հենց այդ մասին դիտողություն էր գրել: Օրեր անց նրա առաջարկի դիմաց նշվել է` ընդունվել է, նախագիծը խմբագրվել է:

Մինչ այդ, սակայն, նույն քաղաքացին կառավարության պատասխանատուներին առաջարկել էր որոշումները հիմնավորել միայն ՀՀ-ում աջակողմյան երթեւեկության հանգամանքով եւ հանել աջ ղեկով մեքենաների՝ երթեւեկության համար վտանգ հանդիսանալու մասին չհիմնավորված պնդումը, քանի որ այն կանխակալ եւ բացասական վերաբերմունք կարող է ձեւավորել հասարակության մեջ նման ավտոմեքենաների նկատմամբ:

Քաղաքացու այս մտահոգությանը կառավարության ներկայացուցիչներն արձագանքել էին, թե նախագիծը բխում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն: Իսկ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին»:

Արտակ Առաքելյանը համոզմունք էր հայտնել, որ նախագծում բաց կա, քանի որ փոխված ղեկով մեքենաների մասին խոսք չկա. «Եթե Վրաստանում ղեկը փոխեն ձախ՝ առանց լուսարձակները, ապակեմաքրիչները եւ այլ կարեւոր մասերը փոխելու, այս նախագծով կարող են ներմուծել: Իսկ այդպիսի մեքենաները ավելի վտանգավոր են, քան գործարանային աջ ղեկ ունեցողները»:

Քաղաքացի Էդվարդ Ղազարյանը առաջարկել էր սույն նախագիծը չընդունել, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես՝ հոդված 60-ը` Սեփականության իրավունքը: Էդուարդ Ղազարյանը մեջբերել է հոդվածը. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք»:

Ի պատասխան՝ կայքին հետեւողները Սահմանադրության մեկ այլ հոդված են մեջբերել, այն է` «ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին»:

Մհեր Ղազարյանն էլ կասկածի տակ է դրել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի եւ ոստիկանության այն պատճառաբանությունը, թե վթարների մեծ մասում մասնակցությունը աջ ղեկով մեքենաներինն է: Նա հեգնանքով արձագանքել է. «Յա, իրո՞ք, նոր պարզեցի՞նք: Կա՞ հիմնավոր վիճակագրություն վթարների մասով, թե միայն այս մերկապարանոց հայտարարությունն է: Առաջարկում եմ չեղարկել նախագիծը»։

Այս քաղաքացուն էլ կառավարության ներկայացուցիչներն այսպես էին պատասխանել. «Նախագիծը բխում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից»:

Հայկ Հարությունյանն առաջարկել էր անկեղծորեն խոստովանել, որ նման փոփոխությունը կատարում են «ԵՏՄ-ի ստանդարտներին համապատասխանելու համար» եւ չեն կարող չանել, քանի որ «պայմանագիր ունեն կնքած»: Քաղաքացին հարց է բարձրացրել` այդ դեպքում ինչի՞ համար են նման քննարկումները կամ քվեարկությունը, եթե միեւնույն է՝ նախագիծն անցնելու է: Ի պատասխան՝ կառավարությունը նշել է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաեւ նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:

Քաղաքացիներից մեկն էլ պարզապես առաջարկել էր նախագիծը բազմաթիվ թերությունների եւ հակասությունների պատճառով հանել քննարկումից։
«Գտեք գիտակ ու ձեռնհաս մարդիկ, թող իրենք նման նախագիծ կազմեն, որով չեն ոտնահարվի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ինչպես նաեւ հաշվի կառնվեն աջ ղեկ շահագործող անձանց շահերը»,- գրել էր նա։ Բնականաբար, այս տեսակետն էլ չէր ընդունվել, եւ ի պատասխան՝ կառավարության պատասխանատուները գրել են. «ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին»: Միաժամանակ, հստակ նշված չեն թերությունները եւ հակասությունները»:
Արտեմ Պետրոսյանի համոզմամբ էլ՝ առավել վտանգ են ներկայացնում տեխնիկապես եւ բարոյապես մաշված ավտոմոբիլների շահագործումը, նեղ ճանապարհներին կարմիր գծերը, դիտահորերի անհամապատասխանությունը ճանապարհին՝ 30-40 սմ ցածր լինելը: Նա նախագծի հեղինակներին հարցնում է, թե ի՞նչ լուծում է տալիս նախագիծը վերոնշյալ խիստ վտանգ ներկայացնող երեւույթների վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Այս փոփոխությունը կառավարության պատասխանատուները հիմնավորեցին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածով եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

17.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728