Այս օրերին անընդհատ հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ «Ելքը» կուսակցություն չի դառնում, լուրեր են շրջանառվում, որ «Ելքում» լուրջ տարաձայնություններ կան ու չնայած խոստացել են, ընտրություններից առաջ ամրագրել էին, որ կուսակցություն են դառնալու, հիմա չեն ուզում:
Այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում պարզաբանեց, թե կուսակցություն դառնալը արհեստական չպետք է լինի. «Բնական է, որ թիմերը պետք է աշխատեն միասին, պետք է տեսնենք մեր տեսլականների համադրությունը որքանով է հաջողվում եւ մենք կայացնենք արդեն գիտակցված որոշում: Սա շատ կարեւոր է, որովհետեւ արհեստական որեւէ բան դաշինքում երբեք տեղի չի ունեցել: Այդ միավորումը, որ ընտրություններից առաջ տեղի ունեցավ, մենք հստակ ֆիքսեցինք այդ դրույթները, ինչը միավորեց երեք կուսակցություններին: Սա է դաշինքի ամրության գրավականը, երբ կան հանուն ինչի պետք է միավորվել եւ հանուն ինչի գործել շարունակաբար եւ ինչ ուղղությամբ»:
Խոսելով իրենց տարաձայնությունների մասին՝ Թանդիլյանն ասաց. «Իրականությունն այն է, որ երեք կուսակցություններն ունեն տարբեր ճանապարհային քարտեզ, մոտեցումներ տարբեր խնդիրների լուծմանը եւ սա բնական գործընթաց է, երբ երեք հավասար ուժեր բանակցում են, քննարկում են, վիճաբանում են, ձեւափոխում են եւ գտնում ընդհանուր ճանապարհ: Սա շատ լավ է, շատ առողջ է եւ ես համարում եմ, որ առանց այս բանավեճերի դաշինքը լճացած կլիներ եւ այսքան ուշադրության կենտրոնում չէր լինի: Ես շատ ուրախ եմ, որ կա այդ առողջ բանավեճը եւ կա տեսակետների բախում: Մենք միշտ գալիս ենք ընդհանուր հայտարարի եւ համոզված եմ, դա տեղի է ունենալու նաեւ այս անգամ»:
Մեր հարցին, թե ինչի՞ շուրջ է «Ելքում» տարաձայնությունը, դրանք սկզբունքայի՞ն տարաձայնություններ են՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ քննարկումներ են լինում, տեսակետները տարբեր են. «Հիմնականում այն ուղու, ճանապարհի եւ մեթոդաբանության մասին է, թե ինչպես ենք մենք պատրաստվում հանրության ձայնը լսելի դարձնել առ այն, որ ըստ մեզ անընդունելի է, որ արդեն երրորդ ժամկետով գործող նախագահը դառնա վարչապետ: Մենք հասկանում ենք, որ այսօր դա առաջնահերթ խնդիրներից է մեր երկրի համար՝ ով պետք է լինի վարչապետ եւ գտնում ենք, որ որեւէ պարագայում Սերժ Սարգսյանը չպետք է երրորդ ժամկետով նախագահի, այս պարագայում վարչապետություն վերցնի: Սա այն հարցն է, ինչի շուրջ մենք բացարձակ միակարծիք ենք, սակայն ինչպես, ինչ մեթոդաբանությամբ եւ ինչ ճանապարհով է հնարավոր դա անել՝ սա է քննարկման առարկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ