«Երեւան Մոլից» 9400 դրամի մազակալի գողության
փորձ անողի նկատմամբ հարկադիր բուժում կնշանակվի
Դեպքի օրը հիվանդ կնոջ նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը` չհեռանալու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, Վ. Մարգարյանի նախագահությամբ, անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին ավարտվեց մի քրեական գործով դատաքննությունը: Այդ քրեական գործը, որը չորս հատորից է բաղկացած, ներկայումս գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում, ուր գալիք չորեքշաբթի թվով երկրորդ նիստը կլինի:
Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված ենթադրյալ արարք կատարած անձը կին է:
Երեք տարի առաջ «Ջի Էյ էմ Ռիթեյլ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է տուժող:
Երեք տարի է՝ ակնհայտ հոգեկան հիվանդին տանջում են, երբ կարելի էր հետաքննության փուլում, լավ նախաքննության փուլում այս գործի վարույթն ընդհանրապես կասեցնել: Երեք տարի առաջ հուլիսի 16-ին տվյալ դեպքում հիվանդ կինը գտնվել է «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող «Մոնսուն» խանութ-սրահում: Ըստ մեղադրանքի՝ «Նա այնտեղից փորձել է գողանալ զգալի չափերի` 9400 ՀՀ դրամ արժողության 6 հատ մազակալ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ խանութ-սրահից դուրս գալիս բռնվել է նշված առեւտի կենտրոնի անվտանգության աշխատակիցների կողմից, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին»:
Վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
Ապա յոթ ամիս հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին եւ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
2016 թվականի փետրվարի 10-ին՝ բերման ենթարկվելուց մեկ ամիս հետո կրկին հիվանդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ նորից քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
Պարզվում է, որ փնտրտուքի ժամանակահատվածում ենթադրյալ գողության փորձը կատարած կինը գտնվում է «Նորք-Մարաշ» հոգեբուժական դիսպանսերում` ստացիոնար բուժման:
2016 թվականի մարտի 2-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
2016 թվականի մարտի 2-ի որոշմամբ կնոջ նկատմամբ նշանակվում է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին:
ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի կողմից կազմված եզրակացության համաձայն՝ «Կինը տառապել եւ ներկայումս նույնպես տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ, կայուն դեֆեկտով» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, ինչի մասին վկայում են ինչպես անամնեստիկ տեղեկությունները հոգեբուժական ստացիոնարներում նրա ունեցած բազմաթիվ հոսպիտալացումների մասին, այնպես էլ ներկա հետազոտության արդյունքները, որոնք թույլ տվեցին հայտնաբերել հետապնդման, ազդեցության, հատուկ նշանակության զառանցական մտքեր, մտածողության կտրտվածություն, դատողությունների անհեթեթություն, հուզակամային ոլորտի իջեցում, սեփական վիճակի եւ կատարածի նկատմամբ քննադատական ունակությունների բացակայություն, ինչը իրավախախտումը կատարելու պահին զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու եւ դրանք ղեկավարելու ունակությունից: Ուստի կնոջը կատարածի նկատմամբ հարկ է ճանաչել անմեղսունակ: Նա ներկա հոգեկան վիճակով կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր տիպի հոգեբուժական ստացիոնարի պայմաններում: Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին»:
2016 թվականի օգոստոսի 22-ին որոշում է կայացվել քրեական գործով հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ:
Ի դեպ, հիվանդի օրինական ներկայացուցիչ է ճանաչվել «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության 2-րդ բաժանմունքի վարիչ Մ. Ներսեսյանը:
Միայն մեկ տարի հինգ ամիս հետո է քննիչը միջնորդություն ներկայացրել կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկել:
2016 թվականի սեպտեմբերի 9-ին դատախազ Ա. Գրիգորյանը որոշում է կայացրել անմեղսունակ վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշումը հաստատելու մասին եւ գործը քննության համար ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մենք 2018 թվականն էլ սկսեցինք առանց այս գործի ճակատագիրը լուծելու:
Երեք տարին շատ չէ՞:
Գործի նյութերից պարզվեց, որ նախաքննության ընթացքում հիվանդը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ դատարանում ցուցմունք է տվել:
Տարօրինակ չէ՞, որ անմեղսունակը ցուցմունք է տալիս ըստ էության ինքն իր դեմ:
Նա ասել էր. «Դեպքի օրը մտել է խանութ, որտեղ գետնին տեսել է երեք մազակալ, դրանք վերցրել է եւ խանութից դուրս գալուց իրեն են մոտեցել խանութի աշխատակիցները եւ ուղեկցել դեպի հանդերձարան, որտեղ ինքը իր մոտ եղած մազակալները նետել է հանդերձարանի հատակին: Ինքը խանութի աշխատակիցներից ներողություն է խնդրել, սակայն նրանց պահանջով վերցրել է իր կողմից նետած մազակալները եւ իրեն տեղափոխել են ոստիկանության բաժին: Հայտնել է, որ դատարանում հետազոտված մազակալները այն մազակալները չեն, որոնք ինքը վերցրել է, իր վերցրած մազակալները բարակ էին եւ երեք հատ»:
Վկա գանձապահը տեսել է, որ կինը մազակալները պահում է գոտկատեղի հատվածում, այդ մասին տեղեկացրել է անվտանգության աշխատակցին:
Վկա, խանութի խորհրդատու-վաճառողուհին եղել է խանութի հանդերձարանների մոտ, երբ մի տիկնոջ եւ խանութի անվտանգության աշխատակցի հետ իրեն է մոտեցել իրենց աշխատակիցներից մեկը: Այդ ընթացքում ենթադրյալ հանցագործը մտել է հանդերձարան եւ հագուստի տակից թափել է այն ամենը, ինչ վերցրել էր: Դրանք եղել են մազակալներ, որոնց քանակը չի հիշում:
16.11.2015 թվականի իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշման համաձայն` թվով 3 զույգ` ընդհանուրը 6 հատ, մազակալները ճանաչվել են իրեղեն ապացույց եւ կցվել քրեական գործին:
Դատարանը որոշել է անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած կնոջը ազատել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ու կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց, այն է` հարկադիր բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Հիվանդ կնոջ ներկայացուցիչն է փաստաբան Ա. Ալիխանյանը, նա պահանջում է վերաքննիչ դատարանից բեկանել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ կարճել քրեական գործի վարույթն ամբողջովին` հանցադեպի բացակայության հիմքով: Նշված պահանջը չբավարարելու դեպքում բեկանել 18.10.2017թ. որոշումը, հիվանդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը կարճել եւ չկիրառել իր պաշտպանյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
17.02.2018