Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Մեկ շաբաթ մնաց, որ Հայաստանը չեղյալ հայտարարի արձանագրությունները

Փետրվար 19,2018 12:50

Այն, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մյունխենի անվտանգության համաժողովում հայ-թուրքական արձանագրությունների մասին, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի համար նորություն չէր: Իսկ նախագահն ասել էր. «Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»։

Կիրո Մանոյանը նախագահի խոսքն այսպես է հասկացել. «Նախագահն ասաց`քանի որ Թուրքիան արձանագրությունների հետ առնչություն չունեցող հարցեր առաջ քաշեց, որպես նախապայման, պետք է նոր պայմաններում նոր փաստաթղթի շուրջ բանակցություն լինի: Համարյա մեկ շաբաթ մնաց, որ Հայաստանն առ ոչինչ կհայտարարի արձանագրությունները: Կարծում եմ, նախագահը հիմնականում այդ մասին էր ակնարկում: Նախագահը հաստատեց, որ արձանագրությունները Հայաստանի համար այլեւս արժեք չունեն»:

Հիշեցնենք, հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին նախագահը խոսել էր դեռ անցած տարի՝ ՄԱԿ-ի ամբիոնից:

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսում Կիրո Մանոյանը խոսեց նաեւ Արցախի հարցի մասին: Ասաց`չի հասկանում այն հանգստացումները, թե Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները «ներքին սպառման համար» են: «Մենք էլ ենք լսում, աշխարհն էլ է լսում: Ճիշտ չեմ գտնում այն խորհուրդները, որ ոմանք մեզ տվեցին` ներքին սպառման համար է: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը`Ադրբեջանի նախագահի հայտարարություն է: Առաջին անգամ չէ, որ ասում է և նման հայտարարությունների պարբերական կրկնումը բերում է նրան, որ եթե ոչ ինքը, ապա ուրիշները սկսեն նման լուրջ քայլեր անելու մասին մտածել: Այս իմաստով միջազգային հանրությունը պետք է անհանդուրժելի հայտարարի նման բաները, ոչ թե կողմերին խոհեմության կոչ անի: Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը ևս ստանձնի պարտավորություն»,- ասաց նա:

Սահմանագծում նոր ռազմական գործողությունների վերսկսումը մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը, Կիրո Մանոյանը չի տեսնում. «Արցախի հարցի էության կարգավորման ուղղությամբ 2018-ին չի կարելի դրական ակնկալիքներ ունենալ`Թուրքիայի եւ Ադրբեջանի կեցվածքի պատճառով: Մինչեւ 2019-ը Արցախի հարցում ոչ մի լուրջ առաջընթաց տեղի չի ունենա, եթե ավելի վատ բաներ չկատարվեն»:

Մանրամասները`տեսանյութում

Կիրո Մանոյանն ասում է՝ թեեւ արտաքին զարգացումների վրա մենք միշտ չէ, որ կարող ենք ազդել, միջամտել, բայց պետք է զգոն լինենք. «Հասկանալի է, որ Սիրիայում ոչ թե Սիրիայի հարցերն են հետապնդվում: Սա մեզ պետք է հետաքրքրի`տարածաշրջանային ապակայունացման տեսանկյունից, քանի որ դա չի կարող շրջանցել Հայաստանը»:

Կիրո Մանոյանին անհանգստացնում են նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը, ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների ավելի սաստկացումը:

«Մենք որեւէ մեկի հետ չենք, մեկին դեմ լինելու համար: Մենք էլ չպետք է փորձենք մեկի հետ լինել`մյուսի դեմ լինելով, դա մեր խաղը չէ: Ստեղված հնարավորություններից պետք է օգտվենք`բոլորի հետ սերտ պահելով մեր հարաբերությունները»,- կարծում է Կիրո Մանոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728