Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ, խոսակցությունները, թե նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին բերել են, որ ազատագրված հողերը վերադարձնեն, վատ հետեւանքներ են թողնում Արցախում:
Նա այսօր «Հայելի» ակումբում վստահեցրեց, որ ոչ Արցախում, ոչ Հայաստանում չկա որեւէ պաշտոնյա, որը հողեր վերադարձնելու ցանկություն ունի. «Այլեւս չունենք ազատագրված տարածք, ունենք Արցախի հանրապետություն, նույն կարգավիճակն ունեն թե՛ Ստեփանակերտը, թե՛ Թալիշը, այս մասին հստակ հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ-ում չկա որեւէ պաշտոնյա, որը մտավախություն ունենար, որ երբեւէ հարց կդրվի սեղանին, որ պետք է ստորագրվի մի փաստաթուղթ՝ ի վնաս ՀՀ-ին»:
Անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ նա ասաց, որ կային ուրիշ լավ թեկնածուներ եւս, բայց ՀՀԿ-ի այդ ընտրությունը բավականին հետաքրքիր էր:
Արմեն Սարգսյանի ուսանող Գառնիկ Իսագուլյանը պատմեց նաեւ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցելության մասին. «Տպավորությունը Արցախում բավականին բարձր էր, նա հրաշալի տիրապետում էր Արցախում առկա ներքին ու արտաքին խնդիրներին, նույնը կարելի է ասել նրա՝ ՀՀ ներքաղաքական ու արտաքին խնդիրների իմացության մասին: Արցախում նրա հետ հանդիպումից հետո, բոլորը հորդորում էին, որ ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը… Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուներից է, ու վստահ եմ, որ լուրջ նորարարություններ կբերի շատ խնդիրներում»:
Պարոն Իսագուլյանը չշրջանցեց նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունը, թե ՀՀ-ն Ադրբեջանի պատմական հայրենիքն է, որը պետք է ազատագրել: Ըստ նրա՝ ՀՀ –ի չափազանց շատ զիջումներն են պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն այսօր խոսում է ՀՀ՝ Ադրբեջանի պատմական հայրենիք լինելու մասին. «ՀՀ-ն համաձայնեց, որ Արցախի փոխարեն բանակցությունները վարի ինքը ու շատ այլ զիջումներ արեց, դրանց համարժեք զիջումները Ադրբեջանի կողմից չենք տեսել»:
Լրագրողներին հարցին ի պատասխան էլ, թե էլ ինչ զիջումների է գնացել ՀՀ-ն, պարոն Իսագուլյանը չհստակեցրեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ