Կոնսերվատորիայի ռեկտոր
Շահեն Շահինյանը մանրամասներ է հայտնում
«Առավոտին» հետաքրքրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի www.conservatory.am կայքում տեղադրված տեղեկատվությունը՝ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» ստեղծման աշխատանքներն իրականացվում են նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում:
Միջազգային նման ծրագրերը հիմնականում ենթադրում են ոչ թե երաժշտական, այլ համալսարանական բարձրագույն կրթության բաղկացուցիչ մաս: Այս նորարարության առիթով պարզաբանում խնդրեցինք կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանից: Մեր զրուցակիցը նշեց, որ տարածաշրջանում սա առաջին նման լաբորատորիան է եւ նման նորարարությունն առաջին հայացքից իսկապես դժվար ընկալելի է երաժշտական բնագավառում, մասնավորապես՝ կրթական: Հետո էլ ասաց. «Ծրագիրը նախաձեռնել ենք Համաշխարհային բանկի հետ, որը կնպաստի մեր բուհի մագիստրատուրայի կատարողական բաժնի ուսանողների կարողությունների եւ հմտությունների զարգացմանը: Այս լաբորատորիան հնարավորություն է տալիս մեկ սենյակի սահմաններում ստանալ տարբեր հնչողություն, ընդ որում՝ ստեղծված է նաեւ ձայնագրման ստուդիա, որը «կմարզի» ուսանողի կատարողական արվեստը, որպեսզի ցանկացած համերգասրահում՝ լինի 100 կամ 3000 հանդիսատեսի համար նախատեսված կամ ցանկացած պայմաններում, առավել մրցունակ լինի: Ընդ որում, լավագույն ուսանողների համար ձայնագրություններ կատարելու անվճար հնարավորություն է սա»: Հավելեց նաեւ, թե նման գերժամանակակից պայմանները խթան են մեր արվեստի տարածմանն ու միջազգայնացմանը:
Պարոն Շահինյանը հայտնեց նաեւ, թե վերոնշյալ ծրագրի շրջանակներում կոնսերվատորիան ձեռք է բերել եվրոպական արտադրության գործիքներ եւս (ռոյալ, տավիղ, կոնտրաբաս, գոսեր):
Հետաքրքրությանը, թե իրենց ինչպես հաջողվեց հասնել նման եզակի հաջողության, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Բուհերն ընդհանրապես հույսը պետք է դնեն ոչ միայն պետական ֆինանսավորման վրա, այլեւ աշխատանքներ տանեն միջազգային ծրագրերի միջոցով ֆինանսներ հայթայթելու ուղղությամբ, օրինակ՝ եվրոպական բուհերը վաղուց են ընտրել այդ ճանապարհը: Եվ վերջապես, մենք էլ Եվրասիական կրթական համակարգում ենք… Կան նաեւ ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրեր…»: Իսկ «փոխանակման» ծրագրերի մասնակցե՞լ են հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Եվրոպական տարբեր կրթական կառույցների հետ մեր բուհն այս պահին երեք տարբեր ծրագրերում է ընդգրկված: Մեր ժամանակներում դա նույնիսկ պարտադիր է ու անհրաժեշտ՝ դասախոսների եւ ուսանողների շփման լայն դաշտ ունենալու համար: Ասածս վերաբերում է մասնավորապես կատարողական արվեստում տեղեկացված լինելուն, որպեսզի իրացվես եվրոպական մասնագիտական շուկաներում: Մոտ օրերս չորս դասախոս կմեկնի Բարսելոնա՝ դասընթացների»:
Ռեպլիկին՝ փաստորեն, ամեն ինչ հարթ է ընթանում, պարոն Շահինյանը պատասխանեց. «Ուսանողների հետ կապված՝ այո, իսկ դասախոսները ունեն լեզվի հետ կապված խնդիրներ: Բանն այն է, որ նրանք պետք է տիրապետեն երեք լեզվի՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն»:
Ռեկտորին հայտնեցինք մեզ հետ զրույցում Պենդերեցկու տիկնոջ՝ Էլժբետա Պենդերեցկայի հիացական կարծիքը հայկական կատարողական արվեստի, մասնավորապես՝ երգչախմբերի ու նվագախմբերի մասին: «Պենդերեցկու երաժշտության երեւանյան փառատոնը միանշանակ իրադարձություն է մեր երկրի համար, թեեւ մաեստրոն 11 տարի է, ինչ տարբեր առիթներով այցելում է Հայաստան, Երեւանը համարելով իր երկրորդ տունը: Բոլորիս համար, մասնավորապես՝ կոնսերվատորիայի, մեծ պատիվ է, քանի որ պետական երաժշտական կոլեկտիվները, որոնք մասնակցում են փառատոնին՝ բացառապես մեր կոնսերվատորիայի շրջանավարտներ են»,- ասաց Շահեն Շահինյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
17.02.2018