Յուրահատուկ հեքիաթներ՝ յուրաքանչյուրն իր բովանդակությանը բնորոշ ինքնատիպ նկարազարդմամբ: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փոքրիկ ընթերցողի դատին հանձնեց «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն:
Հատուկ փոքրիկ ու պատանի գրքասերների համար շնորհանդեսի ընթացքում կազմակերպվեց հեքիաթների ընթերցում, ինչպես նաև ներկայացվեցին սիրված հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:
«Այս ժողովածուում ընդգրկված են այնպիսի հեքիաթներ, որոնք կարող են ուղղորդել ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Եվ այդպիսով «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը կարող է դառնալ ձեր սիրելի մանկության գիրքը: Այս գիրքը ներառում է ինչպես աշխարհի ժողովուրդների, այնպես էլ հեղինակային ՝ Հանս Քրիստիան Անդերսենի, Օսկար Ուայլդի, Ջանի Ռոդարիի, Հովհաննես Թումանյանի, Գրիմ Եղբայրների, Վլադիմիր Սուտեևի, ընդհանուր առմամբ, 50 հեքիաթները»,- շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի կազմող Շավարշ Կարապետյանը՝ հատուկ շեշտելով, որ ժողովածուն հետաքրքրելու է ոչ միայն փոքրիկ ընթերցողներին, այլև մեծահասակներին:
Գրքի նկարիչ-ձևավորող Արաբո Սարգսյանը խոստովանում է՝ իրականում հեքիաթներ նկարազարդելը բարդ է. պետք է այնպիսի նկարազարդում ընտրել, որը կարտահայտի հեքիաթի իմաստը: Արաբո Սարգսյանը հավելում է՝ այս հեքիաթները ներկայացնում են այս կամ այն ժողովրդի բարքերը, սովորույթները, և գիրքը կազմողներն ուսումնասիրել են այդ ամենն ու փորձել ստանալ տիպիկ նկարազարդումներ: Շնորհանդեսի ընթացքում նկարիչ-ձևավորողն առանձնահատուկ անդրադարձ կատարեց նաև գրքի շապիկին: Առաջին հայացքից թվում է, թե սուպերշապիկին ինչ-որ կողպեք է և կանաչ աչք: Սակայն սուպերշապիկը հանելիս նկատում ես, որ գրքի շապիկին պատկերված է իմաստուն բուն:
Նշենք, որ հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:
Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները:
Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:
Մամուլի հաղորդագրություն
Եսիմ, դուր չեկավ: