Դու խիտ վարսերով աղջիկ,
Հայացքդ զուսպ ու գերող,
Վարսերդ խիտ մի փնջիկ,
Հմայիչ ու սիրտ մաշող:
Վարսերդ տված քամուն,
Մեղմ ճեմում ես ու ժպտում,
Տարածվում ես իմ սրտում,
Հոգիս դանդաղ խորովում:
Քո վարակիչ հայացքով,
Հմայում ես բյուր սրտեր,
Եվ քո դյութիչ հմայքով,
Ավերում ես հոգիներ:
Լայն վարսերով խենթ աղջիկ,
Ամոթխած ու սրտակեր,
Սավառնում ես հանց չղջիկ,
Շուրջը հեղում խինդ ու սեր:
Խիտ վարսերիդ փռվածքը,
Հայուհու համ է բուրում,
Խորունկ իմաստ է սփռում,
Խինդով պատում մեր կյանքը:
Նուրբ իրանիդ մեղմ խաղով,
Ջերմացնում ես բյուր կյանքեր,
Քո նրբագեղ վարսերով,
Նիրհից հանում հոգիներ:
Խիտ վարսերով հրեշտակ,
Մեր փրկության հուսատու,
Դու ես մեր ցավին հենակ,
Կյանք արարող լուսատու:
Չարալեցուն այս կյանքը,
Լոկ դավեր է մատուցում,
Եվ քմահաճ իր կամքը,
Մեր վզին է փաթաթում:
Ցավի արձակած նետը,
Դու որսում ես հայացքով,
Ամոքում մարդկանց վիշտը,
Հոգուդ անմար կրակով:
Նույնիսկ խամրած սրտերին,
Դարձյալ շունչ ես հաղորդում,
Եվ թոռմած ծաղիկներին,
Թարմ բջիջներ ներարկում:
Երաշտի թեժ պահերին,
Ամպից արցունք ես քամում,
Եվ ներարկում արտերին,
Բյուր մարդկանց սովից փրկում:
Դու գեղեցկության տիպար,
Բյուր ցավերի ամոքիչ,
Հոգի բուժող՝ բարերար,
Բազում կյանքերի փրկիչ…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ