Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարևորը խիզախ ու ինքնավստահ լինելն է. միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի մասնակից (Ֆոտոշարք)

Փետրվար 18,2018 23:05

Ամերիկյան համալսարանը հաղթեց միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթում, ինչը նշանակում է, որ թիմն ապրիլի 1-7 Վաշինգտոնում անցկացվող միջազգային մրցափուլին կներկայացնի Հայաստանը:

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի հայաստանյան ազգային մրցափուլն անցկացվեց փետրվարի 17-18-ին Երևանում: Այն կազմակերպվում է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից: Իրավաբան ուսանողների համար այս մրցույթը նպաստում է միջազգային իրավունքի ուսումնասիրմանն ու դրա հանդեպ հետաքրքրությանը: «Ուսումնական պրոցեսի մեջ մրցույթը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքին տալ գործնական կիրառում: Այն թույլ է տալիս ուսանողներին փորձի փոխանակում անել արտասահմանի իրենց տարեկիցների հետ, նաև կարևոր քայլ է հետագայում լավ աշխատանք ունենալու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ Արամ Օրբելյանը:

Նա պատմեց, որ դեռ 3 տարի առաջ մրցույթն անց էր կացվում հայերենով, բայց հիմա անցել են անգլերենի, քանի որ եզրափակիչ փուլում՝ Վաշինգտոնում, պետք էին մասնակիցներ, ովքեր և′ լավ անգլերեն գիտեն, և′ տիրապետում են միջազգային իրավունքին: Այդ փոփոխությամբ կտրուկ բարձրացել է մրցույթի որակը:

«Դատավարության թեմաները հետաքրքիր են և արդիական: Այս տարի թեման այսպիսին է. մի պետության ստորջրյա տարածքի վրա հարևան պետությունը հեռակառավարվող սարք է տեղադրել: Այդպես նա կարողանում է տեղեկություններ ստանալ մյուս պետության մասին՝ միևնույն ժամանակ խախտելով նրա տարածքը: Առաջացել է կոնֆլիկտային իրավիճակ, որին էլ փորձում են լուծում տալ թիմերը: Իհարկե, հարցը պետք է ուսումնասիրել բոլոր կողմերից՝ հաշվի առնելով և′ մարդասիրական կողմը, և′ զինված ուժերի օգտագործումը, և′ սահմանային իրավիճակը»:

Մրցույթին մասնակցում էին Երեւանի պետական, Հայաստանի ֆրանսիական, ամերիկյան եւ հայ-ռուսական համալսարանների, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները։

«Բացի միջազգային իրավունքի մասին կայուն գիտելիքներ ունենալուց, կարևոր է կարողանալ արագ մտածել ու հարմարվել իրավիճակների կտրուկ փոփոխությանը: Պետք է ճկուն լինել և հետազոտություն անելու կարողություն ունենալ»,- բացատրեց Ներսես Զեյնալյանը Ֆրանսիական համալսարանի թիմից:

Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Սիմոնյանն ասաց, որ ամենակարևորը խիզախ ու ինքնավստահ լինելն է, որովհետև երբ քեզ հարց են տալիս, պետք է կարողանաս պատասխանել առանց կաշկանդվելու:

Այս տարի կիսաեզրափակիչ փուլ էին անցել ամերիկյան և սլավոնական համալսարանների թիմերը: Եզրափակիչ անցած Ամերիկյան համալսարանի թիմից լավագույն խոսնակ է ճանաչվել Մարիամ Ղազարյանը:

Հայաստանում այս մրցույթն անցկացվում է արդեն 18 տարի: 2016-ին Հայաստանն առաջին անգամ նվաճել էր լավագույն հորիզոնականը՝ զբաղեցնելով 37-րդ տեղը՝ 116 երկրների շարքում: Այդ ժամանակ նույնպես Հայաստանը ներկայացնում էր Ամերիկյան համալսարանը:

Հեղինակ՝ Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հազար պրավո, երեխեք – լրջօրէն -,
    պատիւ էք բերում բոլորիս

    (միայն թէ, հոգինիդ սիրեմ, միշտ զգոյշ եղէք, CIA-է ձեզ recruit չընէ,
    – չափազանց վարպետ են, երբեմն այնպիսի կերպով կ’անեն,
    որ չէք գիտակցիր անգամ որ իրենց համար էք աշխատում… –
    կամ ել, ձեզ կը համոզեն որ ի շահ ձեր հայրենիքին է որ գործակցում էք իրենց հետ…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728