Այսօր առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Իրանում․ «Ասեման» ավիաընկերության պատկանող ATR տեսակի ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրան-Յասուջ չվերթի ժամանակ և զոհվել են բոլոր 65 ուղևորներն ու անձնակազմը․ ինքնաթիռն ընկել է Յասուջի օդանավակայանին մոտենալու ժամանակ բախվելով Դենա լեռան ձյունածածկ ու մառախլապատ բարձրունքներին։ Փրկարարները դեռ չեն կարողանում մոտենալ աղետի վայրին։
Իտալա-ֆրանսիական Avions de transport regional (ATR) մակնիշի ինքնաթիռն եղել է 1993 թվականի արտադրանք և իրանցի պաշտոնյաների հավաստմամբ տեխնիկական խնդիր չի ունեցել։ Մասնագետները ենթադրում են, որ աղետը պատահել է եղանակային վատ պայմանների և Յասուջի օդանավակայանի անհարմար դիրքի պատճառով։ Իրանը տասնամյակներ է, որ միջազգային պատժամիջոցների պատճառով չի կարողանում օդանավային իր պարկը թարմացնել։
ՀՀ նախագահն այս առթիվ ցավակցական հեռագիր է հղել իրանցի իր պաշտոնակցին․ ցավակցական հեռագիր են հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետը։ Վշտակցում ենք զոհվածների ընտանիքներին և Իրանի ժողովրդին:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ արխիվային