Փայլակի ծննդյան 85-ամյակի նախորդ օրը ավագ որդին հարցրեց.
-Հայրի՛կ, որոշել եմ քո ծննդյան օրվա առթիվ նվեր գնել, բայց տատանվում եմ՝ տնային գեղեցիկ խալաթը կուզես, թե սպորտային կոստյումը, ուզում եմ, որ քո սրտով լինի:
Փայլակը, իհարկե, մի քիչ «չեմուչում» արեց, որդուն խնդրեց, որ իզուր նեղություն չկրի, ավելորդ ծախս չանի, բայց որդին համառեց ու պնդեց, որ հայրիկի ցանկությամբ լինի նվերը:
-Դե՛, որ համառում ես, ապա էլեկտրական ածելի գնիր, իմ ունեցածները բավականին մաշվել են, իմ նման հնացել, թերություններ ձեռք բերել, բայց այնպիսին լինի, որ և՛ լիցքավորումով աշխատի և՛ էլեկտրական ուղիղ ցանցից, երբ մոռացած լինեմ լիցքավորելը:
Հաջորդ օրը, երեկոյան Փայլակի ծննդյան միջոցառման վերջում, փոքր թոռնիկը փաթեթավորված մի տուփ հանձնեց նրան՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ:
Փայլակը, իհարկե հասկացավ, որ այն իր ուզած նվերն է, շնորհակալություն հայտնեց, բայց տուփը բացեց միայն հաջորդ օրը ու անմիջապես նկատեց, որ այդ նմուշի ածելին բեղերը և երեսի երկար մազերը կտրելու հարմարանք չունի ու այդ մասին ակնարկեց որդուն:
Որդին, իհարկե, ակնարկը հասկացավ, բայց մոռացության տվեց: Փայլակն էլ չուզեց նրան անհանգստացնել և որոշեց ինքը զբաղվել այդ հարցով, գնալ այն խանութը, որտեղից որդին գնել էր այդ սարքը, խնդրել աշխատակիցներին՝ փոխարինել ածելին մի այլ նմուշով, որը կունենար երեսի երկար մազերը կտրող հարմարանք:
Երկու օր հետո, խանութների ցանցի հիպերմարկետի մոտով անցնելիս, հիշեց այդ մասին և ներս մտավ հսկա շինությունից ներս, վաճառասրահի լաբիրինթոսում փնտրեց, գտավ էլեկտրական ածելիների բաժինը, մոտեցավ երիտասարդ աշխատակցուհուն ու սիրալիր բարևելուց հետո, հարցրեց.
-Աղջիկ ջա՛ն, որդիս ինձ համար էլեկտրական ածելի է գնել, բայց իմ ուզած նմուշինը չի, կարելի է, որ բերեմ փոխարինեք այլ նմուշով, իսկ գնային տարբերությունը ես կվճարեմ:
-Հայրիկ ջան,-ասաց աշխատակցուհին,- ապրանքը բերեք, տեսնենք, եթե ամեն ինչ տեղում լինի կփոխարինենք:
Փայլակը ստանալով իր հարցի դրական պատասխանը, հրաժեշտ տվեց գեղեցկուհուն ու դուրս եկավ խանութի ընդարձակ սրահից:
Հաջորդ օրը, արդեն էլեկտրական ածելիի փաթեթով նա ներս մտավ նույն խանութի վաճառասրահ և ածելիների բաժնում չգտնելով երեկվա իր, արդեն ծանոթ աշխատակցուհուն, դիմեց այնտեղով անցնող մի այլ աշխատակցուհու և պատմեց եղելությունը:
Այս աշխատակցուհին, բավականին խիստ հայացքով, վերցրեց Փայլակի իրեն պարզած փաթեթը, դրեց աշխատասեղանին, միջից հանեց ածելու տուփը, այնտեղից էլ՝ էլեկտրական ածելին, անջատեց սափրող գլխիկը, ուշադրությամբ զննեց, ապա նույն խստությամբ էլ նետեց.
-Սրանով արդեն սափրվել եք, մեջը մազեր կան, հիգիենիկ տեսակետից ելնելով, մենք չենք կարող այն փոխարինել:
-Բայց ես դրանով չեմ սափրվել, մազեր էլ չեմ տեսնում այնտեղ,-ասաց Փայլակը:
-Դուք չեք տեսնում, բայց ես տեսնում եմ,-կոպիտ ձայնով հակադարձեց աշխատակցուհին:
Հենց այդ միջոցին էլ, տաղավարի կողքով անցնող բարձրահասակ տղամարդը, երևի խանութի շեֆերից մեկը, կանգնեց, լսելով խոսակցությունը, մոտեցավ վիճաբանող զույգին ու հարցրեց.
-Ինչու՞մն է բանը:
Փայլակը բացատրեց եղելությունը, իսկ աշխատակցուհին էլ՝ իր հերթին բլբլացրեց իր եզրակացությունը:
-Եթե այդպես է, չենք կարող փոխարինել, մեզ մոտ, ըստ հիգիենայի կանոնների այսպիսի սարքերը հետ չեն վերադարձվում կամ փոխարինվում, եթե նրանք գործարանային թերություններ չունեն:
-Լավ,-համաձայնեց Փայլակը, տվեք ձեր ասած կանոնների գրքույկը, կարդամ, համոզվեմ:
-Աղջի՛, գնա էդ գրքույկից բեր, տանք թող հայրիկը կարդա, համոզվի,-կոպիտ տոնով ասաց տղամարդը:
Աղջիկը գնաց և շուտով վերադարձավ ու զեկուցեց, թե այդ գրքույկից էլ չի մնացել, վերջացել է:
-Դե՛, հայրիկ ջան, էդ էլ քո բախտից, գրքույկը վերջացել է, ասաց տղամարդը:
-Տղա ջան,-փորձեց այլ կերպ հարցին մոտենալ Փայլակը, հաշվիր, որ դու իմ տղան կամ թոռն ես ու իմ ծննդյան առթիվ նվեր ես գնել իմ տված դրամով, փոխարինիր և ես էլ շնորհակալություն կհայտնեմ դրա համար:
-Ես որ նվեր անելու լինեմ, հորս համար կանեմ,-կոպիտ տոնով պատասխանեց երկարահասակ տղամարդը,-էդ սարքը որ վերցնեմ իմ վրա է վնասը նստելու:
-Դե, որ չեք հարգում իմ նման տարեց մարդուն, ես էլ կդիմեմ ձեր վերադասին,-զայրացկոտ տոնով ասաց Փայլակը ու լքեց վաճառասրահը:
Վերադառնալով տուն, նա նստեց համակարգչի մոտ, համացանցում որոնեց, գտավ այդ անունով խանութների ցանցի գլխամասային գրասենյակի էլեկտրոնային հասցեն (անվանումը չեմ ուզում նշել ավելորդ գլխացավանքից հեռու մնալու համար) և անմիջապես էլեկտրոնային նամակ գրեց՝ այդ ցանցի ղեկավարությանը, էլեկտրոնային նամակի պատճենը ուղարկելով նաև Սպառողների ասոցիացիայի ղեկավարությանը:
Անցավ մի քանի օր, ոչ Սպառողների ասոցիացիայից և ոչ էլ խանութների ցանցի ղեկավարությունից Փայլակը պատասխաններ չստացավ:
Երկրորդ անգամ նամակները ուղարկեց նույն էլեկտրոնային փոստերի հասցեներով և հանկարծ խանութների ցանցի գլխամասային ծառայությունից ստացավ պատասխան, որ իր նամակը ստացել են, բայց խնդրում են հայտնել հեռախոսահամարը, որպեսզի զանգահարեն, ավելի մանրամասն իմանան եղելությունը:
Փայլակը նույն էլեկտրոնային հասցեով ուղարկեց իր բջջային հեռախոսի համարը և անմիջապես էլ զանգ ստացավ: Հաճելի ձայնով աշխատակցուհին բարևելուց հետո, հետաքրքրվեց գնորդի պահանջի մասին, ապա առաջարկեց, որ Փայլակը էլեկտրական ածելին՝ իր կոմպլեկտով հանդերձ և երաշխիքային կտրոնով ներկայացնի իրենց ծառայություն և եթե ամեն ինչ տեղում լինի, կստուգեն և կփոխարինեն իր ուզած նմուշով:
Ոգևորված այս հուսադրող առաջարկից, Փայլակը,անմիջապես վերցրեց էլեկտրոնային ածելու փաթեթը և տանից դուրս գալով նստեց համապատասխան երթուղու ավտոբուսը, շտապեց աշխատակցուհու նկարագրած համապատասխան հասցեով: Աշխատակցուհու նկարագրած կանգառին հասնելով, Փայլակը արագ ցած իջավ ավտոբուսից, նայեց չորս կողմը, հեռվում նկատեց խանութների ցանցի ծառայության գրասենյակի ճակատին ամրացված ցուցանակի վրայի գրությունը և քայլերն ուղղեց դեպի այդ շինությունը: Ներս մտավ գրասենյակ, վախվորած բարևեց ապակե պատուհանից այն կողմ նստած աշխատակցուհիներից մեկին, ով լսելով Փայլակի պատմությունը, նրան առաջարկեց մոտենալ մի այլ պատուհանի, որտեղ կզբաղվեն այդ հարցով:
Այս աշխատակցուհին կրկին բարյացակամ ընդունելով Փայլակի սիրալիր բարևը, վերցրեց սարքը իր կոմպլեկտով և երաշխիքային կտրոնով, կանչեց համապատասխան մասնագետին, որն էլ մանրամասն ստուգելուց հետո հաղորդեց, որ ամեն ինչ կարգին է:
Աշխատակցուհին արագ կերպով տկտկացրեց համակարգչի ստեղների վրա, տպիչ սարքից հանեց ձևակերպած փաստաթուղթը և Փայլակին առաջարկեց դրանով հանդերձ ներկայանալ ծառայության շենքից մի քանի տասնյակ մետր ներքև գտնվող նույն խանութների ցանցի մեկ այլ հիպերմարկետի աշխատակիցներին և սարքը այնտեղ կփոխարինեն իր ուզած նմուշով:
Փայլակը ջերմորեն շնորհակալություն հայտնեց աշխատակցուհուն և արագ քայլերով դուրս եկավ ծառայության գրասենյակից:
Շուտով նա հայտնվեց նույնատիպ հիպերմարկետի վաճառասրահում, ինչպիսին նախոր վաճառասրահն էր, այս ու այն կողմ նայեց՝ գտնելու համար էլեկտրական ածելիների բաժինը: Երիտասարդ աշխատակիցներից մեկը, տեսնելով Փայլակի շփոթված հայացքը, մոտեցավ նրան քաղաքավարի բարևելուց հետո հարցրեց՝ թե ինչ է պետք հայրիկին:
Փայլակը պատմեց եղելությունը և երիտասարդ աշխատակիցը նրան ուղեկցեց դեպի էլեկտրական ածելիների վաճառքի տեղամասը ու խնդրեց այնտեղի աշխատակցուհիներին զբաղվել հայրիկի խնդրանքով:
Երիտասարդ աշխատակցուհիներից մեկը սիրալիր ընդունեց Փայլակին, ուղեկցեց ապակե ցուցափեղկի մոտ, որտեղ գեղեցիկ ձևով դասավորված էին էլեկտրական ածելիների բազմաթիվ նմուշները, բացատրեց մի քանի էլեկտրական ածելիների աշխատանքի սկզբունքը, որպեսզի նա կարողանա կողմնորոշվել իր ընտրության մեջ և ընտրի դրանցից իրեն հարկավորը: Փայլակն, իհարկե, առանց վարանելու մատնացույց արեց իր հավանած նմուշը, որին արդեն ծանոթ էր նախորդ վաճառասրահում:
Էլեկտրական ածելու փաստաթղթերը արագ ձևակերպեցին և խնդրեցին մոտենալ դրամարկղին, որտեղ Փայլակը մուծեց սարքերի գնային տարբերության գումարը, ապա կրկին ներկայացավ էլեկտրական ածելիների տաղավար, որտեղ աշխատակցուհին արդեն նախապատրաստել էր նրա ընտրած սարքը փորձարկման համար, բացեց այն, միացրեց էլեկտրական ցանցին, փորձարկեց, ապա անջատելուց հետո էլ արդեն նախապես լիցքավորված սարքը փորձարկեց, փաթեթավորեց, տպեց նոր երաշխիքային կտրոնը, տուփը խնամքով տեղավորեց ցելոֆանե տոպրակի մեջ, ապա ժպտալով այն հանձնեց Փայլակին, շնորհավորելով նրա անցած ծննդյան օրվա առթիվ:
Փայլակը այս ջերմ վերաբերմունքից հուզված ու շոյված, մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց աշխատակցուհիներին և բարձր տրամադրությամբ դուրս եկավ ընդարձակ վաճառասրահի լաբիրինթոսից:
Նա զարմացած էր նույն խանութների ցանցի տարբեր վաճառասրահների աշխատակիցների աշխատելաոճից՝ առաջինում անտարբեր ու անհարգալից վերաբերմունք տարեց մարդու նկատմամբ, իսկ երկրորդում՝ հարգալից և պատկառանքով վերաբերմունք նույն հաճախորդի նկատմամբ:
«Սևի և սպիտակի արանքում»,-քթի տակ մտմտաց Փայլակը և ուղղություն վերցրեց դեպի ավտոբուսի կանգառ:
Իսկ Սպառողների ասոցիացիայից մինչև օրս էլ նա իր դիմումին այդպես էլ պատասխան չստացավ:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ
Էս թեմայով մի լավ ֆիլմ կա – “Աստված օրհնի Ամերիկան” / “god bless america”
Շնորհակալ եմ արձագանքի համար, կփորձեմ ֆեյսբուքում փնտրել Ձեր նշած ֆիլմը և դիտել այն: