Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես փախուստի մեջ չեմ և իմ կրթական ցենզը թույլ չի տալիս որևէ մեկին ծեծել, հայհոյել»․ բժիշկ Նասիբյան

Փետրվար 18,2018 20:58

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, շաբաթ օրը վիրաբույժ եղբայրներ Նասիբյանների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում․ նախ վիրաբույժ Արթուր Նասիբյանն ու Կարեն Գրիգորյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ՝ Արման և Արտակ Սարգսյանների հետ ( նրանք եղբայրներ են) ինչը վերածվել էր ծեծկռտուքի, ու բժիշկներից մեկը մարմնական վնասվածքներ էր ստացել։

Հիվանդանոցի բուժքույրերից մեկն էլ՝ Աննա Ադամյանը ոստիկանության «Կումայրի» բաժին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ վիճաբանության ժամանակ բժշկական կենտրոնում որպես վիրաբույժ աշխատող երկու եղբայրները՝ 40-ամյա Արմեն Նասիբյանն ու 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր սեղանին ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել։

Վիրաբույժ Արթուր Նասիբյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, որ իր ու Սարգսյան եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել կամ ինքն ու իր եղբայրը հայհոյել են բուժքրոջը։  «Ես փախած չեմ, առավոտ եկել եմ հիվանդանոց, իմ հիվանդներին եմ հանդիպել, վիրակապել եմ, որից հետո տեսնելով կայքում հրապարակված տեղեկությունները՝ գնացել, ներկայացել եմ ոստիկանություն ու հետաքրքրվել եմ, թե ի՞նչ աժիոտաժ է իմ անունի հետ կապված։ Ես որոշակի պարզաբանումներ ստացել եմ ոստիկանությունից, թե ինչի հետ է կապված։ Ինձ նույնիսկ չեն հարցաքննել, որովհետև ոչ մի նյութ չկա կազմված, որ ասեմ քննարկման հարց կա իմ հետ կապված,  նույնիսկ բացատրություն կամ հարցադրումներ ինձ չեն հղվել ոստիկանությունում։ Ընդամենը ես գնացել եմ, ներկայացել եմ, թե ինչ հերյուրանքներ են գրված, թե մենք որոնվում ենք, փախուստի մեջ ենք, կամ ինչ-որ մեկին ծեծի ենք ենթարկել»,- ասաց Արթուր Նասիբյանը։

Aravot.am-ի ճշտող հարցին, ըստ ձեր խոսքերի, չի՞ եղել վիճաբանություն, որն ավարտվել են ծեծկռտուքով, բժիշկն ասաց․ «Ո՛չ, եղել են քննարկումներ մեր հիմնարկում, պիտիմինուտկա ասվածը, ամեն մի բժիշկ իմ մոտեցումն ունի հիվանդի բուժման ու հնարավոր է մտքերի բախում տեղի ունենա։ Այսինքն` կարող է հարցը վիճարկվի, առողջ բանավեճ տեղի ունենա ու կողքից անցնողին դա կռիվ թվա։ Մեր կրթական ցենզին  ու դաստիարակությանը հարիր չէ որևէ մեկին  ծեծին ենթարկելը, կամ եթե մեկին ծեծում ես, ծեծը հետքեր պետք ունենա, չէ՞։ Չկա նման բան։  Բժիշկ Սարգսյանի հետ մենք քննարկում ունեցել ենք, իսկ բուժքրոջ պահվածքի հետ կապված այլ խնդիր կա։

Նա իր պահվածքի պատճառով արժանացել է մի ամբողջ կոլեկտիվի քննադատությանը։ Դրա համար  դիմում-խնդրանք է ներկայացվել տնօրենին, ինքն էլ տեղյակ եղել է, որ բուժանձնակազմը ինչ դիրքորոշում ունի իր նկատմամբ։ Ուղղակի նորանշանակ վարիչի հարցը կա, իմ եղբայրն է հանդիսանում բաժնի վարիչը, նրա անունն է բուժքույրը շահարկել։ Կոլեկտիվն անվստահություն է հայտնել բուժքրոջը՝ նշելով, որ նրա աշխատաոճը չի համապատասխանում բժշկական էթիկայի կանոններին։ Բազմիցս բուժքույրը նախազգուշացվել է, թե չի կարելի նման պահվածք ունենալ․ ձեր համար ոնց է, որ 80 տարեկան ատամնաթափ պապիկը եկել, սիրտը վատ՝ նստել է իր աթոռին,  ինքն այդ ընթացքում չգիտեմ ում հետ է խոսել, հետ է եկել, տեսել այդ պապիկը նստած իր աթոռին, հրամայական տոնով պապիկին ասել է՝ դե ելար տեղիցս։ Ես անձամբ եմ լսել ու իրեն սաստել, թե չի կարելի նման կոպիտ տոնով խոսել, ես բժիշկ եմ, այդ մարդու ոտքերն այտուցված են։

Այս մասին զեկուցվել է տնօրենին, տնօրենը քայլեր է ձեռնարկել, որ  աշխատանքի ընթացքում հեռախոսով խոսելը բացառվի ու մաքսիմալ աշխատանքի մեջ ներգրավվեն, այստեղ այն վայրը չէ, որ մարդիկ ժամերով գան նստեն ու «գալաջի» անեն։ Տնօրենի կողմից այս հարցը առաջ է քաշվել ու ստացել լուծում։ Նրա դեմ անձնակազմը գրել, ստորագրել է,վստահ եմ, որ տնօրենը խելամիտ որոշում կկայացնի։ Միջադեպ, կրկնում եմ, եղել է բանավեճ, եթե մեկը ուզում է դրան տալ աստառ, որ քրեականացնեն ինչ-որ ձևով, դա այլ հարց է։ Ասենք դուք կարող եք ձեր հռետորական խոսելաձևի մեջ ձեզ թույլ տալ բռունցքով հարվածել, դա չի նշանակում, որ քրեորեն հետապնդելի արարք արեցիր։ Իմ և բժիշկ Սարգսյանի միջև եղել է կազմակերպչական հարցերի շուրջ բանավեճ, հիվանդին ես եմ նայում, հետո ինքն է նայում, ո՞նց է լինում, որ ես եմ նայում, հետո ինքը, հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, ճիշտ աշխատաոճ պետք է մտցնել։

Դա մեր տնօրենի, մեր նորանշանակ բաժնի վարիչի հորդորն է։ Այդ աղջկան դիտողություններ են արվել իր սխալ աշխատաոճի հետ կապված, առաջին դեպքը չէ, երկրորդը չէ, 23 բժիշկ դիմում-խնդրագիր են գրել տնօրենին, որ նրան հեռացնեն։ Բայց մինչև դիմում գրելը, այդ բժիշկները խնդիր են ունեցել նրա հետ, դիտողություններ են արվել, ներվել են, բազմաթիվ անգամ փորձել ենք բացատրել, մտածել ենք, թե այդ դիտողությունը իր քայլերի մեջ որոշակի փոփոխություն կառաջացնի։

Այնինչ այս աղջիկը շարունակել է ու իր շարունակելու արդյունքում 23 բժիշկ և 2 բուժքույր ստորագրել են, դիմում-խնդրանք են գրել․․․ Իմիջիայլոց, այս հիվանդանոցի պատմության մեջ նման բան չի եղել, եղել են կոնֆլիկտներ տարբեր մարդկանց հետ, բայց ոչ մեկի հարցը չի խորացել, թե հեռացրեք աշխատանքից»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն չե՞ք հայհոյել բուժքրոջը, սակայն նա ձեր դեմ ոստիկանություն ցուցմունք է ներկայացրե՞լ, Արթուր Նասիբյանն ասաց․ «Իմ հետ զրուցելուց հետո առաջարկում եմ նրա հետ երկու բառ խոսել, երկու րոպե հետո ձեր զրույցից հաստատ գաղափար կկազմեք։ Այս քաղաքում բոլորը բոլորին ճանաչում են, մենք բժիշկների ընտանիք ենք, նախագահի կողմից մեր հայրն է պարգևատրվել հայրենիքի նկատմամբ ցուցաբերած ավանդի համար, մեր մայրն էլ բժշկուհի է, մենք էլ մեր հոր ու մոր զավակներն ենք։

Մեր անունը շահարկողը բուժքույրն է, հարց է դրվել իր հետագա գործունեությունը կասեցնելու իր անբարեխիղճ աշխատանքի համար, ոչ ոք  մեղավոր չէ, որ ինքն իրեն այնպես է դրսևորել, որ ամբողջ կոլետիվն այսօր խնդրանքով մտնում է տնօրենի մոտ, թե հեռացրեք նրան։ Հո բժիշկը հոգեկան հիվանդ չէ, որ ինքը նստած, գա, իրեն հայհոյի, իմ ինչի՞ն էր պետք նման բան անել, երբ տնօրենին են դիմել բժիշկները  ու քաղաքակիրթ տարբերակով փորձում են հեռացնել։

Իմ եղբայրն էլ բաժնի վարիչն է, յուրաքանչյուր ղեկավար կարող է նկատողություն անել թերացող աշխատողին, որ շտկվի, բայց դիտողությունն ինքը կարող է շահարկի, ներկայացնի այնպես, ինչպես իրեն հարմար է։ Քաջ գիտակցելով, որ ինքը պիտի դուրս գա, իր դուրս գալը կապել է նորանշանակ բաժնի վարիչի հետ, որը իմ եղբայրն է, այդ պատճառով էլ փորձում է ցեխ շպրտի, չհասկանալով, որ կարող է ցեխը տեղ չհասնի, բաց ինքը ցեխոտվի։

Այդ նույն օրը բաժնի վարիչը իրեն հրավիրել է վերև, թե արի քննարկելու բան ունեմ, այդ նույն բաժնի վարիչը, որ նոր է նշանակվել, ամեն օր  տանում է բացատրական ու կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի այն թերությունները, որոնք առաջ են քաշվել հասարակության կողմից, ադմինիստրացիայի կողմից, քննարկվեն։  Բոլորի հետ խոսել է, նաև իր հետ է խոսել՝ կապված աշխատանքային բողոքների հետ, պատասխանել է՝ դու ո՞վ ես, որ գամ քո մոտ, ես անցել եմ իր կողքից ու հերթական անգամ սաստել եմ, թե բաժնի վարիչն է, չգիտե՞ս, թե ով է, ու ինքն իրեն հարմար աստառ է տվել, թե ինձ հայհոյեցին»։

Մենք պարզաբանումներ խնդրեցինք նաև բժիշկ Արման Սարգսյանից՝ հետաքրքրվելով, թե վիճաբանություն եղե՞լ է բժիշկ Նասիբյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի ու մասնակիցներից մեկը մարմնական վնասվածք է ստացել ։ Նա ասաց, որ միջադեպի մասին կխոսի էթիկայի հանձնաժողովի նիստից հետո։

Մենք այս թեմայի շուրջ կլսենք նաև բուժքրոջ պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ Գրեյան says:

    Այս ինչ անհեթեթ մեղադրանքներ են: Բժիշկ Նասիբյանը երբեք նման բան թույլ չէր տա իրեն: Նրա ընտանիքում բոլորը բարեխիղճ բժիշկներ են և իրենց տարիների ավանդն ունեն մեր քաղաքի համար: Հուսով եմ բանսարկուները կստանան իրենց արժանի պատիժը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728