Երևան, փետրվար 18, 2018
Հայ, իտալացի, վրացի և իսպանացի երիտասարդները հավաքվել էին Երևանում «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովի շրջանակներում քննարկելու ձեռներեցության հնարավորությունները զբոսաշրջության բնագավառում։ Համաժողովի հիմնական նպատակն էր երիտասարդներին ներկայացնել զբոսաշրջության կարևորությունը տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ինչպես նաև ծանոթացնել նրանց երիտասարդ ձեռներեցների համար զբոսաշրջության ոլորտում առկա լայն հնարավորությունները։
«Զբոսաշրջիկների աճող ցուցանիշները խոսում են այն մասին, որ զբոսաշրջությունը զարգացման մեծ ներուժ ունի մեր երկրում և այս ներուժը պետք է կարողանալ այնպես օգտագործել, որ հասարակության բոլոր շերտերը և հատկապես երիտասարդները, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա, կարողանան սրանից օգտվել։ Այս տեսանկյունից կարևոր է զբոսաշրջության ոլորտում ձեռներեցության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը», -նշեց միջոցառման կազմակերպիչ Երիտասարդների փոխանակում և համագործակցություն կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը։
«Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովն Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Երազիր, Հավատա, Իրագործիր» կարողությունների զարգացման մեկամյա ծրագրի մեկնարկային միջոցառումն էր։
Համաժողովի մասնակիցների շարքում էին ՀՀ Զբոսաշրջության Պետական Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Երևանի քաղաքապետարանի Զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով և ելույթներ ունեցան Հայաստանում զբոսաշրջության առկա վիճակի, ինչպես նաև պատմեցին այն միջոցառումների մասին, որոնք իրականցվում են թե Երևանի, թե Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով։ Երիտասարդների համար նմանատիպ միջոցառումների կարևորության քննարկման համար համաժողովի մասնակիցներին միացավ նաև Հայաստանում ԵՄ Պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գռլիցան։
Ձեռներեցներ միջազգային համաժողովի մամուլի հաղորդագրություն