Գիրք նվիրելու օրվան` փետրվարի 19-ին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը ներկայացրեց գրքի և ընթերցանության տարածմանը միտված նախագիծ՝ «Հայտնի ընթերցողները՝ գրքի խորհրդատու» խորագրով: Մի քանի արտիստներ, հաղորդավարներ մեկ օրով դարձել էին գրքի խորհրդատու «Բուկինիստում»: Նրանց թվում էին Արման Նշանյանը, Լալա Մնացականյանը, Հայկ Պետրոսյանը:
Հայկին առանձնակի ջերմությամբ էին սպասում փոքրիկներն ու երիտասարդները: Նրանցից շատերը լուսանկարվում էին դերասանի հետ:
Փետրվարի 19-ին ամենապահանջվածների թվում էին հեքիաթները, հատկապես Հովհաննես Թումանյանի, «Սասնա ծռեր» էպոսը, գիտահանրամատչելի տարատեսակ գրականությունը:
Հայկական էպոսն ընտրած մի երեխայից Հայկ Պետրոսյանը հետաքրքրվեց` արդյոք նայել է Սասունցի Դավիթ մուլտֆիլմը: Երեխան պատասխանեց, որ դիտել է, դրա համար էլ ուզում է կարդալ գիրքը: Հայկը խորհուրդ տվեց այլ ժողովուրդների էպոս էլ կարդալ, օրինակ «Գիլգամեշը»:
Ինչ վերաբերվում է Սասունցի Դավթին, դերասանը կատակով հավելեց. «Դավիթը փոքր ժամանակ մի քիչ դմբո էր, բայց շատ ուժեղ էր, փոքր Մհերն ամենաուժեղն էր, բայց ինքը վերջում ժողովրդից նեղացավ ու գնաց փակվեց սարերում»:
Նա նաեւ խորհուրդ տվեց անպայման «Փոքրիկ իշխանը» կարդալ. «Բայց գիտեք ինչպես պետք է կարդալ` մի հատ տասը տարեկանում, մի հատ տասնհինգ, մի հատ քսան: Ինքը փոքրերի համար է, բայց նաեւ մեծերի, կարելի է ութսուն տարեկանում էլ կարդալ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ