Ես հո ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել… նախադասության սկիզբը նույնն է, միայն պատճառներն են տարբեր։ Արտահայտություն, որ անհնար է լսած չլինեք, եթե գոնե մեկ անգամ օգտվել եք տաքսի ծառայությունից։
Առաջին կուրսի ուսանող էի. դասից ուշացել էի ու տնից դուրս գալուն պես նստեցի առաջին պատահած տաքսին. «Բրյուսով՝ Թումանյան, շա՜տ եմ շտապում»։
«Լավ, իմ աղջիկ, գնացինք». վարորդի պատասխանն էր։
Ձմեռ էր, շատ ցուրտ, ոչ ես խոսելու ցանկություն ունեի, ոչ էլ, երևի, վարորդը։ Ու հանկարծ զրը՜նգ ականջախեցիս պատռելով բառերն անցան մինչև թմբկաթաղանթ. «բալե՛ս, ինձ էսպես մի նայիր, ես ամբողջ կյանքում տաքսու վարորդ չեմ եղել. այ այս շենքը տեսնում ե՞ս, պոլիտեխնիկի շենքն է, ես այստեղ եմ սովորել: Հա-հա, դիպլոմ էլ ունեմ, բայց այսօր ո՞վ է իր մասնագիտությամբ աշխատում»։
Օրեր անց… կրկին ուշանում էի. էլի տաքսի, նույն տաքսին էր։ Նստեցի ու միանգամից հիշեց .«Բրյուսով, չէ՞, գնացինք»։
Մտածում էի հիմա նորից կսկի հեքիաթներ պատմել իր «պոլիտեխնիկյան » տարիներից, կպատմի, թե ինչ խելացի ուսանող է եղել… դե ինչպես բոլորն են ասում, ու նորից զրը՜նգ։ Այս անգամ բառերը միանգամից հասան ականջիս թմբկաթաղանթ։ «Սա էլ դիպլոմս, ի դեպ, կարմիր»։ Բացելով մեքենայի աջակողմյան հատվածում գտնվող փոքրիկ դարակը ու այնտեղից հանելով իր կարմիր դիպլոմը` ասաց նա։ «Ահա, աղջիկս, ես գիտեմ, որ չէիր հավատում, ես քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող եմ եղել»։
Իսկապես որ … Ամեն անգամ իր տաքսին նստելուց մի նոր պատմություն է պատմում, շատ հին պատմություններ, քառասուն տարվա պատմություններ…Նա արդեն երեսունհինգ տարվա վարորդ է, գիտի Երևանի ամեն մի անկյուն, փողոց, շենք ու շինություն։ «Ես սիրում եմ իմ երկրորդ մասնագիտությունը ՝ տաքսի վարելը։ Փոքր ժամանակ էլ վերցնում էի հորս «06»-ի բանալիներն ու վազում դեպի ավտոտնակ։
Թղթերից ցուցանակ էի սարքել, վրան էլ գրել՝ «տաքսի Հակոբ». ծիծաղելի է, չէ՞»։
Հետաքրքիր մարդ է պարոն Հակոբը, մտքերի շտեմարան։ Այնքան եռանդով է խոսում ուսման մասին, կարծես ,եթե, հնարավորություն ունենար, մեկ անգամ էլ ուսանող կդառնար։ Սիրում եմ ուշանալ. ուշանալ դասից, աշխատանքից, ամեն անգամ ուշանալ։ Միայն պարոն Հակոբի տաքսին նստելու և իր ուսանողական տարիների հետաքրքիր պատմությունները լսելու համար արժե ուշանալ։
«Ես տաքսի եմ վարում, որովհետև ես ինքս եմ ուզում։ Տղաս Ամերիկայում է, չեմ գնում, չէ՜, իմ տունն այստեղ է։ Գիտե՞ս, աղջիկս, ինձ վրա զայրանում են կինս, տղաս, թոռնիկներս, որ տաքսի չվարեմ։ Բայց սա իմ սիրած զբաղմունքն է, սիրում եմ շփվել մարդկանց հետ։ Ես իմ ազատությունը տաքսի վարելու մեջ եմ տեսնում»։
Պարոն Հակոբը երբեք ավել գումար չի վերցնում, ոչ էլ բավարար է վերցնում, հա՜, իսկապես, ուր գնում ենք վեց հարյուր դրամ է վերցնում։ Իսկ առաջին անգամ ասաց. «Ինչքան կուզես, տուր»։
«Ես 68 տարեկան եմ, բայց հոգիս չի ծերանում։ Դու էլ , աղջիկս, միշտ հիշի՛ր՝ դեմքիդ վրա ինչքան կնճիռները շատանան, այնքան հոգիդ երիտասարդանում է»։
Դժգոհ ու միշտ բողոքող տաքսու վարորդների հանդիպելիս միշտ պետք է հիշել, որ Հայաստանում դեռ Մեծահասակների Երիտասարդ շունչ կա, որն ապրեցնում է։
Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ