Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոհանին հատուկ հանձնաժողով է նշանակել կալանավայրերի անցանկալի դեպքերի ուսումնասիրության համար

Փետրվար 18,2018 00:04

Իրանի նախագահ դոկտ․ Ռոհանին հատուկ հանձնաժողով է նշանակել «Որոշ կալանավայրերի անցանկալի դեպքերի» վերաբերյալ ուսումնասիրություն և զեկուցագիր պատրաստելու համար։ Անցած դեկտեմբերից մինչ այժմ երեք կալանավոր մահացել են Թեհրան և Արաք քաղաքների մեկուսարաններում․ երկրի գլխավոր դատախազության բացատրությամբ նրանք երեքն էլ կալանավայրում ինքնասպանություն են գործել։

Որոշ ընդդիմադիրներ սրամտությամբ հայտնում են, որ կալանավորները խոշտանգման պատճառով «ինքնասպանվել» են։ Կալանավորներից երկուսը դեկտեմբեր ամսվա երիտասարդ ցուցարարներից են եղել, իսկ երրորդը՝ Քավուս Սեյեդ Էմամի, համալսարանի դասախոս էր՝ շրջակա միջավայրի մասնագետ և Իրանի ու Կանադայի երկքաղաքացի։ Վերջինս մահացել է 09 փետրվարին Թեհրանի «Էվին» բանտում և պարզվել է, որ նրան լրտեսության մեղադրանքով կալանել էր Իսլամական հեղափոխության պահպանության բանակի անվտանգության ծառայությունը։ Կալանավոր Էմամիի մահը լայն արձագանք գտավ երկրում և արտասահմանում ու դարձյալ վեր հանեց Իրանում տիրող երկիշխանության և դատաիրավական ոլորտում տիրող անմխիթար վիճակը։ Նախագահ Ռոհանին ընդամենը համարվում է Գործադիր ուժի ղեկավար ու նաև Հիմնական Օրենքի գործադրման երաշխավոր, իսկ Դատական, Օրենսդիր և Գործադիր ուժերի գործունեության վերահսկողն ու համադրողը իսլամական պետության առաջնորդ պրն Խամենեին է։

Հիմնական Օրենքի 110-րդ հոդվածի համաձայն հենց նա է ընտրում Դատական ուժի նախագահին, որն էլ իր հերթին Հիմնական Օրենքի 158-րդ հոդվածի համաձայն նշանակում է երկրի Գերագույն ատյանի (Արդարադատության խորհրդի) նախագահին ու գլխավոր դատախազին։ Նախագահ Ռոհանին այժմ հանձնարարել է երկրի ներքին գործերի, անվտանգության ու արդարադատության նախարարներին և իրավական հարցերի գծով իր խորհրդականին, որպեսզի կալանավայրերում պատահած վերջին դեպքերի մասին զեկուցագիր ներկայացնեն։ Իրանական հարցերի փորձագետների կարծիքով հարցերն ավելի խորքային են և այս հանձնաժողովն էլ չի կարող շատ բան պարզել։

Իրավապահները Թեհրանի «Էվին» կալանավայրում պատահած երկու ինքնասպանության (Սինա Ղամբարի, Քավուս Սեյեդ Էմամի) տեսագրությունը ներկայացրել են երկրի խորհրդարանի պատգամավորներին. Խորհրդարանի նախագահի տեղակալ Ալի Մոթահարին և մի խումբ պատգամավորներ տեսագրությունը համարել են ոչ հավաստի, քանի որ ինքնասպանության պահը ֆիքսված չէ․ կալանավայրերի վարչությունից մեկնաբանել են, որ տեսախցիկները միայն խցերում են տեղադրված և ֆիքսված են ինքնասպանության նախապատրաստությունները, իսկ մահը վրա է հասել զուգարանում, որտեղ տեսախցիկներ չկան։ Հատկանշական է, որ իրանցի գիտնականին և շրջակա միջավայրի պահպանության մի շարք մասնագետների կալանել է Իսլամական հեղափոխության պահպանության բանակի անվտանգության ծառայությունը, որն աշխատում է երկրի Անվտանգության (Տեղեկատվության) նախարարությունից անկախ։

Համաձայն Իրանի Հիմնական Օրենքի երկրի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն ենթարկվում են առաջնորդին և նախագահն այստեղ ևս անզոր է, որպեսզի հսկողություն սահմանի Ոստիկանության, Բանակի, Հեղափոխության բանակի և վերջինիս անվտանգության ծառայության աշխատանքների վրա։ Դոկտ․ Ռոհանին անցած շաբաթ հեղափոխության տարեդարձի միջոցառման ժամանակ բոցաշունչ ելույթ ունեցավ և հայտնեց, որ վիճելի հարցերի համար հիմնվելով Հիմնական Օրենքի 59-րդ կետին կդիմի համաժողովրդական հարցման։ Անշուշտ, դա հնարավոր կլինի խորհրդարանի պատգամավորների երկու երրորդի համաձայնության դեպքում միայն։ Ըստ երևույթին ընդդիմախոսները կփորձեն այս հնարավորությունը ևս խլել նախագահից․ արդեն իսկ Հիմնական Օրենքի Պահապան Խորհրդի (Սահմանադրական Դատարանի) խոսնակը և Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի պետը դեմ են արտահայտվել։ Իրանցի տասնհինգ ճանաչված մտավորական ևս հանդես են եկել հանրաքվեի պահանջով և առաջարկել են կրոնապետությունը փոխարինել աշխարհիկ կառավարման վարչակարգով։

***

Իրանի կալանավայրերում և բանտերում դեռ արքաների ժամանակներից տարածված է ծեծը, խոշտանգումը, կտտանքը և քննիչների ու բանտապահների ինքնագործունեությունը, զարգացած չէ անկախ դատարանների և փաստաբանների ինստիտուտը։ Տարբեր ժամանակներում Իրանի բանտերում են պահվել նաև իրանաբնակ հայեր, դաշնակցական ու ձախակողմյան գործիչներ․ 13 սեպտեմբերի 1985 թվականին Իրանի «Էվին» բանտում հավանաբար խոշտանգումների պատճառով մահացավ նաև Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ-ի) մարտիկ Վարդան Շիրվանյանը։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728