Հայաստանի 4-րդ նախագահի լիազորություններն ու դերակատարումը հստակ ֆիքսված է նոր սահմանադրության մեջ: Շաբաթներ շարունակ փորձագիտական հանրույթը քննարկեց ու քննադատեց, վերլուծեց ու ներկայացրեց ՀՀ նախագահի ինստիտուտը պառլամենտական կառավարման համակարգում` ներկայացնելով այն որպես` «Անգլիայի թագուհի»: Չեմ վիճի, գուցե որակումը փոքր-ինչ չափազանցված է, բայց իր մեջ միանգամայն ճշմարտություն է պարունակում, ՍԱԿԱՅՆ:
Առաջին հայացքից իհարկե, ՀՀ նախագահը խորհրդարանական Հայաստանում չի ունենալու վճռորոշ ակտորի ֆունկցիա, հաշվի առնելով, որ ըստ «ՀՀ անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագահն այլևս չի հանդիսանալու անվտանգության բարձրագույն և ներկայացուցչական այդ կոլեգիալ մարմնի անդամ: Ավելին` նախագահը չի կարողանալու իր ձեռքում կենտրոնացնել օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունները, ինչպես 90-ականներին նախագահական, իսկ 2005-ից կիսանախագահական կառավարման ձևերում: Շարունակենք` ՀՀ նախագահը պատասխանատու չի լինելու երկրի անվտանգության ու արտաքին քաղաքականության համար:
Այս ամենն իհարկե ճիշտ է, բայց կա կարևոր եզրույթ նոր սահմանադրությունում` «Հանրապետության նախագահը պետության գլուխն է» և «Հանրապետության նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ»: Ինչ ասել է հանրապետության գլուխ: Մի փոքր բացելու անհրաժեշտություն կա, ըստ իս: Պետության գլուխն իմ համոզմամբ մարդ է, ով ունի բացառիկ պաշտոն` սահմանված կոնկրետ լիազորություններով, որը թույլ է տալիս իրեն արբիտրի` անկախ դիտարկման գործառույթ իրականացնել` ընդ որում իշխանության բոլոր թևերի նկատմամբ: Չլինելով որևէ քաղաքական ուժի անդամ, ըստ էության ՀՀ նախագահը չի կարող կաշկանդվել որևէ հարցում, ավելին` նա չունի շահերի բախման կետ, որը նրան հետ կպահի այս կամ այն որոշումը ընդունելիս այս կամ այն քայլին գնալիս:
Սա օրենքի ու իրավական հարթության տեսանկյունից: Կարևոր է նաև այն, որ պետք չէ մոռանալ, որ Հայաստանի նման քաղաքական համակարգի առանձնահատկություններ ու ավանդույթներ ունեցող երկրում չեն դադարելու նաև կարևոր լինել` թե ովքեր են զբաղեցնում այս կամ այն պետական բարձրագույն իշխանության պաշտոնները: Օրինակ, ՀՀ նախագահը սահմանադրությամբ ունի իսկապես ներկայացուցչական լիազորություններ և անհամեմատելի է կիսանախագահական կամ նախագահական կառավարում ունեցող երկրի նախագահի լիազորությունների ու դերակատարման հետ, բայց ամենակարևորն այնն է, թե ով է այն անձը, ով կրելու է այդ «սահմանափակ» պաշտոնը: Անձերը Հայաստանի քաղաքական իրականության մեջ շատ բան են փոխել և կարող են փոխել: Խոսքը ` թե անկախ քաղաքական գործունեություն իրականացնելու, թե արդար պաշտոնավարելու, թե` իշխանության թևերին անաչառ դիտարկելու տեսանկյունից: Չեմ ուզում բերել ծանոթ ու անծանոթ երկրների օրինակներ, որտեղ պառլամենտական համակարգում «Անգլիայի Թագուհի» համարվող նախագահը չի ենթարկվել վարչապետին` ավելին շատ դեպքերում հենց ինքն է ներկայացրել երկիրը, որը թերևս պայմանավորված էիր իր ուժեղ անհատական ու անձնային հատկանիշներով:
Պարտադիր չէ, որ այդ ամենն ունենա նման դրսևորում, քավ լիցի: Կարևորագույնն այնն է, որ ՀՀ նախագահը լինի մարդ, ով հաղորդակից կլինի հանրության խնդիրներին, կհասկանա նոր պայմաններում քաղաքական համակարգի տրամաբանությունը, գործընթացների էությունը և այդ ամենում ամենաբարձր կետից` պետության գլխի կարգավիճակից կհսկի ամեն բան:
Նոր իրականության մեջ, ամեն բան տեսականորեն հնարավոր է` սկսած քաղաքական ֆորսմաժորներից վերջացրած որպես օրինաչափ ու տրամաբանական քաղաքականության շարունակություն: Այս իմաստով մարդն է զարդարում պաշտոնը և ոչ թե պաշտոնը մարդուն:
Մենք ստիպված ենք սպասել, մինչև հայոց խորհրդարանը կընտրի ՀՀ 4-րդ նախագահին, այն մեկին, ում բախտ ու հնարավորություն է վիճակվելու դառնալ Հայաստանի գլուխը` աշխարհաքաղաքական հետաքրքիր վերաձևումների և մեր երկրի համար պատմական այս կարևորագույն փուլում:
ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի 1-ին կուրսի մագիստրանտ Սմբատ Ղահրամանյան