Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ և նախագահ

Փետրվար 18,2018 12:00

Սահմանադրական փոփոխություններն արդեն ընդունվել էին, և շատերն ի գիտություն էին ընդունել, որ հետայսու խորհրդարանական հանրապետություն ենք, և մանավանդ պատգամավորական մեծամասնությունը հլու-հնազանդ սպասում էր անսպառ լիազորություններով օժտված վարչապետի ընտրությանը, ում իշխանության օրոք ընտրված նախագահը առանձնապես մեծ լիազորություններ չէր ունենալու:

Այսպես էին մտածում գրեթե բոլորը, մինչև որ գործող նախագահը հայտարարեց հաջորդ նախագահի անունը՝ Արմեն Սարգսյան: Այդ պահից ի վեր ամեն ինչ փոխվեց, և շատերը սկսեցին միանգամայն այլ կերպ մտածել: Այլ կերպ մտածելու հիմնական պատճառը ոչ միայն Արմեն Սարգսյանի արժանիքներն ու կարողություններն են, այլև ու հիմնականում այն, որ Արմեն Սարգսյանը պաշտոնավարելու է ամբողջ յոթ տարի:

Եթե տարիներ առաջ հարցնեին, թե ով է Հայաստանի Երրորդ հանրապետության ամենաանհաջողակ քաղաքական գործիչը, շատերը կտային նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը: Հիմա՝ ընդհակառակը. շատերը կհամարեն, որ Հայաստանի ամենահաջողակ քաղաքական գործիչը նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Ի՞նչ է փոխվել: Ընդամենը այն, որ վարչապետի պոտենցիալ թեկնածու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Չնայած Արմեն Սարգսյանն անմիջապես համաձայնություն չէր տվել Սերժ Սարգսյանի առաջարկությանը և հայտարարել էր, որ հանդիպումներ պիտի անցկացնի Հայաստանի տարբեր խավերի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների հետ և դրանից հետո միայն վերջնական որոշում կայացնի, այդուհանդերձ, շատերի համար էր պարզ, որ Արմեն Սարգսյանը վերջնական որոշումից հետո է միայն նախաձեռնել այդ հանդիպումները: Ես էլ եմ կարծում, որ չափից ավելի շատ անդրադարձանք 4-րդ նախագահին և անձամբ Արմեն Սարգսյանին, այդուհանդերձ, չէինք կարող չանդրադառնալ, մանավանդ որ՝ բոլորս տեսանք ու համոզվեցինք, որ իր նախաձեռնած հանդիպումները հասարակության տարբեր շրջանակների հետ ոչ թե ձևական, այլ միանգամայն բովանդակային ու նպատակային բնույթ ունեն:

Ամեն ինչից բացի՝ այդ հանդիպումները, որ իրենց մեջ ընդգրկեցին նաև Մոսկվայի հայ համայնքը, մեզանում, փաստորեն, նորություն էին: Ամեն ինչից բացի՝ սա նաև նշանակում է, որ Արմեն Սարգսյանը միանգամայն լուրջ է վերաբերվում իր նոր պաշտոնին: Իր լուրջ վերաբերմունքով նա նաև մեզ է ստիպում լուրջ վերաբերվել իր պաշտոնին ու հատկապես իր անձին: Իր պաշտոնը, փաստորեն, մեզ համար միանգամայն նոր ու միանգամայն անծանոթ պաշտոն է, և չնայած հանրապետության նախագահ միշտ ենք ունեցել, այս մեկը միանգամայն ուրիշ է և տարբերվելու է նախորդներից:

Ինչով է տարբերվելու՝ դա միայն Արմեն Սարգսյանին է հայտնի: Եթե ճիշտը կուզեք իմանալ՝ նույնիսկ իրեն էլ հայտնի չէ, որովհետև այդ պաշտոնի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ ու նրբություններ հետագայում՝ հընթացս են ի հայտ գալու: Ասացինք, որ իր պաշտոնը մեզ համար, փաստորեն, միանգամայն նոր ու միանգամայն անծանոթ պաշտոն է, իսկ եթե ավելի լրջանանք ու խորանանք, ինքը՝ Արմեն Սարգսյանն էլ է մեզ համար միանգամայն անծանոթ, և չնայած մի անգամ արդեն Հայաստանի վարչապետ է եղել, բայց ընդամենը մի քանի ամսով է վարչապետ եղել, և որպես վարչապետ էլ իրեն առանձնապես չենք ճանաչել՝ ոչ լավ իմաստով և ոչ էլ վատ: Դեսպան Արմեն Սարգսյանի մասին էլ առանձնապես լուրջ տեղեկատվություն ու գիտելիքներ չունենք:

Այսուհանդերձ, որպես 4-րդ նախագահի թեկնածու, Արմեն Սարգսյանը, դեռ չընտրված, արդեն իսկ նորամուծություններ ու նորարարություններ է անում, ընդ որում՝ միանգամայն հաճելի ու դրական: Իր գրեթե բոլոր քայլերը վկայում են, որ ինքը ընտրվելուց հետո հաջողությամբ կարող է տարանջատել իր գործունեությունը վարչապետի գործունեությունից, ընդ որում՝ միանգամայն լավ իմաստով: Լավ իմաստ ասելով՝ նկատի ունենք, որ ինքն իր գործունեությամբ ոչ թե հակադրվելու, այլ, ընդհակառակը, լրացնելու է վարչապետին:

Մենք ավելի շատ ապագա նախագահի մասին ենք խոսում, քան ապագա վարչապետի, որովհետև Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեպքում վարչապետի աշխատակերպն ու աշխատաեղանակն ընդհանուր առմամբ ենթադրելի ու կանխատեսելի են:
Ինչ վերաբերում է Հայաստանի 4-րդ նախագահին, նրա աշխատանքից ու աշխատաեղանակից մեծապես է կախված նաև վարչապետի աշխատանքը: Ինչքան էլ ասենք ու կրկնենք, որ նոր Սահմանադրության պայմաններում նախագահը լինելու է վարչապետի ակնհայտ ենթական, այդուհանդերձ, բոլորս հասկանում ենք, որ նախագահն ու վարչապետը միասին են աշխատելու, և հատկապես Արմեն Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում ակնհայտ ենթակայի հարց չի լինելու:

Կարծում ենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանին էլ ակնհայտ ենթակա հարկավոր չի, այլապես ինքը ոչ թե Արմեն Սարգսյանի թեկնածության վրա կանգ կառներ, այլ որևէ ուրիշի: Լիքը չե՞ն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Avag says:

    Շատ զգույշ դիտարկումներ են:
    Զգուշորեն Կարդացի,
    Հարգեցի;
    Հ.Գ. Սրանից հետո ավելի հաճախ կկարդամ ձեր գրածները

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728