«Երբ փոքր էի, մայրս էր հեքիաթ կարդում ինձ համար, իսկ հիմա տեսե՜ք, ես եմ կարդում մայրիկիս ու մնացած ծնողների համար»,- աչքը գրքից չկտրելով՝ ասաց ութամյա Գոռը։
«Հեքիաթ հեքիաթի աշխարհում». ահա այսպիսի անվանում կտամ ես այն տեսարանին, որին ականատես եղա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի» ժամանակ։
Փոքրիկների մի հոծ զանգված, հեքիաթային աժիոտաժ, մուլտֆիլմի ցուցադրություն, նկարչական դասընթացներ, հեքիաթների ընթերցում ու քննարկում… պահեր, որոնք ինձ քսան տարով հետ տարան դեպի իմ խենթ մանկություն։ Բազմաշնորհ մանուկների հետ շփումն ինձ տարավ մի հեքիաթ, որը չէի ցանկանում, որ ավարտվի։
«Ես նկարել եմ հայկական մուլտհերոս Քաջ Նազարին, ում հրեշտակը բերում է Մասիս սարի վրա դնում , իսկ թե ինչու՞, ես էլ չգիտեմ, պարզապես այդ հերոսին եմ սիրում»,- պատմեց Անին (6 տարեկան)։
«Ես նկարում եմ մինիոն. այն ուրախության խորհրդանիշ է։ Երբ եկանք այստեղ, մեզ հանձնարարություն տվեցին՝ նկարել մեր սիրած մուլտհերոսին, ում կցանկանայինք , որ հրեշտակը բերեր Հայաստան։ Ես ցանկանում եմ մինիոնին բերել, որպեսզի Հայաստանում ժպիտը շատանա…»,- նշեց Սեդան ( 12 տարեկան, Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի սան)։
Նույն կենտրոնի նկարչուհի Սոնան ասում էր, որ երեխաներին տվել են «վայրի» ազատության հնարավորություն, որպեսզի ազատ մտածել սովորեն. «Ստեղծել ենք ուրիշ մթնոլորտ, որը նրանց մեջ որևէ բան կփոխի և՛ մտածելու, և՛ ճաշակի հարցում»։
Եվ, իսկապես, մթնոլորտը հեքիաթային էր, ազատ, ինչպես մանկությունն է։ Երեխաներից ոմանք նույնիսկ հայկական հեքիաթ չգիտեին, իսկ ոմանց նկարներին նայելիս, պարզապես, զգում էիր հայկական ոգի ու շունչ, նույնիսկ արտասահմանյան մուլտհերոսների նկարելով, նրանք արտահայտել էին հայկական մշակույթ։
Ամենաոգևորիչն այն էր, որ երեխաները հենց այնպես, իրենց ժամանցի համար չէին նկարում. միջոցառման ավարտին հրատարակչական ընկերություններից որևէ մեկը կտպագրի գիրք հենց այդ երեխաների նկարած նկարներով։
«Այստեղ գալիս են շատ երեխաներ և՛ շրջայցերի շրջանակներում, և՛ դպրոցներից՝ իրենց ուսուցիչների հետ։ Մենք հեքիաթների շուրջ զրույցներ ենք անցկացնում երեխաների հետ , քննարկում ենք հեքիաթների հերոսներին, նրանց կերտած կերպարները, իսկ առաջին հարկում ցուցադրում ենք բեմականացումներ»,-պատմեց զբաղմունքի սրահի պատասխանատու Սյուզաննա Մուրադյանը։
Երեխաներն իրենք իրենց «հեքիաթի դեսպաններ» էին անվանում, ովքեր ասես եկած լինեին հեքիաթներից ու իրենց հետ մեզ էլ տանում էին հեքիաթների աշխարհ` իրենց անհոգ մանկությունից մի պատառիկ մեզ նվիրելով…
«Աշխարհում ամեն հարց էլ լուծվում է, երբ հավատում ես հրաշքներին, իսկ հրաշքները հեքիաթներում են։ Ես միշտ հավատում եմ …»,-նշեց Աշոտը (8 տարեկան)։
Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ