Ջրացատկի Հայաստանի հավաքականը մրցաշրջանին նախապատրաստվում է Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում: Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի փոխանցմամբ, փետրվարի 23-25-ը Գերմանիայի Ռոստոկ քաղաքում կկայանա ջրացատկի «Գրան Պրիի» փուլը, որին կմասնակցեն Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը:
Բայանդուրյանը եւ Հարությունյանը հանդես կգան 10 մետր աշտարակացատկում, Վարդանը կմրցի նաեւ 3 մետր ոստնակացատկում, իսկ Հարությունյանը եւ Սարգսյանն ուժերը կփորձեն 10 մետր սինքրոն ցատկում:
«Ապրիլին կմեկնենք Կիեւ՝ Ուկրաինայի գավաթի բաց խաղարկություն (ապրիլի 10-15), որտեղ տղաների համար անպայման մրցանակային տեղ զբաղեցնելու համար պայքարի առաջադրանք չի դրվի: Նրանք կմրցեն. Այսպես ասած, ազատ ծրագրով եւ հանդես կգան տարբեր մրցաձեւերում: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքականին կմիանա Ազատ Հարությունյանը, որը հանդես կգա ոստնակացատկում: Ամենայն հավանականությամբ, եղբայրներն ուժերը կփորձեն նաեւ 3 մետր սինքրոն ոստնակացատկում:
Կիեւի մրցաշարը Եվրոպայի առաջնությանը (Շոտլանդիա, օգոստոսի 3-12) նախապատրաստվելու կարեւոր փուլ է»,-Aravot.am-ին ասաց Հրաչյա Չանդիրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ