Լրահոս
Օրվա լրահոսը

Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ. Սերժ Սարգսյան

Փետրվար 17,2018 22:56

Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին: Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
Մյունխենի անվտանգության համաժողովում

Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իշինգերին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ողջունում եմ այս քննարկման բոլոր մասնակիցներին: Նման միջոցառումները նպաստում են բաց ու անկաշկանդ մթնոլորտում տեսակետներ և մոտեցումներ փոխանակելուն:

Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։

Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով։ Նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առավ Հելսինկյան գործընթացը, որի նպատակն էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումը: Կարծում եմ, որ այն ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ և իրավահավասար համակեցության խոստում էր, որն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում բանակցված բոլոր հանձնառությունների մասին: ԵԱՀԿ տարածաշրջանում պետք է գերիշխի իրավահավասարությունը և համագործակցային մոտեցումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը և փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում:

Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ:

Արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլել ժամանակին համընթաց: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև:

Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին:

Այստեղ կցանկանայի նշել ևս մեկ կարևոր հանգամանք: Մեր հասարակության մեջ ձևավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել:

Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։

Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։
Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։
Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:

Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ֆրանսիայի նշանավոր զավակներից և պետական գործիչներից մեկը՝ Շառլ դը Գոլն առաջ էր քաշել Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալի լեռնապար միասնական Եվրոպայի տեսլականը: Կարծում եմ՝ դա ամենաճիշտ պատասխանն է այսօրվա քննարկման խորագրում դրված հարցին:

Վստահ եմ, որ փոխշահավետ և ներառական համագործակցության պտուղները լավագույնս կծառայեն Եվրոպայի ժողովուրդների մերձեցմանն ու բարեկեցությանը: Հայաստանն այս դիրքորոշումն է որդեգրել և պատրաստ է այսուհետ ևս իր նպաստը բերել այդ նպատակի իրագործմանը:
Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728