Իրանը և Հնդկաստանը առևտրատնտեսական կապերի ընդարձակման տասնհինգ նոր համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագրերը ստորագրվել են Նյու Դելիում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտ․ Ռոհանիի եռօրյա այցելության ընթացքում։ Այս կարևոր այցին նախորդել էր Հնդկաստանի վարչապետ Նարանդա Մունդիի հունիս 2017 թվականին Իրան կատարած այցելությունը։ Իրանը և Հնդկաստանը տարածաշրջանում և միջազգային ասպարեզներում ունեն հասարակաց շահեր և մեծ կարևորություն են տալիս իրենց քաղաքական և առևտրատնտեսական կապերին։
Պրն․ Ռոհանին երկուստեք հարաբերություններն անվանել է «Շատ յուրահատուկ»։ Հնդկաստանը համաձայնվել է վերանորոգել Իրանի հարավ-արևելյան մասում գտնվող «Չահ Բահար» նավահանգիստը, որով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել Աֆղանստան և Հնդկաստան․ իրանական նավահանգիստը ցամաքային ճանապարհով կմիանա Աֆղանստանի սահմանին և կհասնի մինչև Քաբուլ․վերջինս ևս ծովագնացության ելք կունենա։
Նավթատար ու բեռնատար նավերը Չահ Բահարում բեռնվելով` կկտրեն Պարսից և Օմանի ծոցերը և Հնդկական Օվկիանոսով կհասնեն հնդկական Մումբայ նավահանգիստ։ Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության համաձայն` Հնդկաստանը խոստացել է հինգ հարյուր միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել այդ նախագծի իրագործման համար և մինչ այժմ իրացվել է 85 միլիոն դոլարի աշխատանք։ Այս նախագծի իրագործումը ռազմավարական մեծ արժեք ունի Իրանի, Հնկաստանի և Աֆղանստանի համար։ Իրանը ևս «Ասալույե» նավթարդյունաբերական շրջանից խողովակաշար է հասցնում մինչև «Չահ Բահար» նավահանգիստ, դեպի Հնդկաստան և այլ երկրներ նավթ և գազ արտահանելու համար։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ