Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարություն, տեսանյութ եւ լուսանկարներ է տարածել սահմանագոտում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի այրվելու մասին` դրանք մեկնաբանալով, որ իբր փետրվարի 11-ի առավոտյան, օգտվելով մառախուղից, հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը մտադրություն ունենալով ճեղքել Ղազախի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է մոտենալ ադրբեջանական հենակետերին, սակայն դիտարկման հատուկ տեխնիկական միջոցների միջոցով ադրբեջանական զինուժը դա հայտնաբերել, կանխել է, հայ հետախույզ-դիվերսանտներն իրենց ՈՒԱԶ-ը թողել են, նահանջել, վերջիններիս արձակած կրակոցներով «ՈւԱԶ»-ը այրվել, ոչնչացել է:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հերքելով Ադրբեջանի ՊՆ-ին, փետրվարի 12-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետեւյալ գրառումը. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի: Իսկ մեքենան ինչո՞ւ է հետեւով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ո՞ւր են»:
Ի՞նչ է եղել իրականում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչը, մոտ 30 տարեկան, փետրվարի 11-ին իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Գոգվելի կոչվող տարածք` իր տան համար վառելափայտ բերելու: Բերդավանի բնակիչներից տեղեկացանք, որ այդ երիտասարդը «ՈւԱԶ» ավտոմեքենան վերջերս է գնել Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկից` վճարելով մեկուկես միլիոն դրամ: Բերդավանցին ավտոմեքենայով գյուղ վերադառնալիս, երեւի մառախուղի պատճառով, շփոթել է ճանապարհները եւ հայտնվել ադրբեջանական դիրքերի առաջ:
Որոշ տեղեկություններով` նրա ավտոմեքենայի գազի բալոնի մեջ վառելիքը սպառել է,եւ երջանիկ պատեհությամբ ավտոմեքենան չի հասել ադրբեջանական դիրքեր: Ադրբեջանական հենակետերից ավտոմեքենայի վրա ուժեղ կրակ են բացել : Բերդավանցի երիտասարդը թողնելով ավտոմեքենան`փախել է, վերադարձել իր գյուղ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները`ադրբեջանական լրատվամիջոցներից