«Չի կարող «Ելք» դաշինքում որեւէ բանավեճ ավարտվել հօգուտ իշխանության»,-այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարից հետո կազմակերպված ասուլիսում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ելք» դաշինքում տարակարծություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ:
Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենց բոլոր բանավեճերն ավարտվել են հօգուտ Հայաստանի հանրապետության բարօրության. «Մենք տարբեր քաղաքական գործիչներ ենք, տարբեր կարծիքներով, տարբեր ճանապարհ անցած, մենք միմյանց հարստացնում ենք տարբեր տեսլականներով ու մոտեցումներով տարբեր հարցերի վերաբերյալ: Դուք այս հարթակում տեսաք, որ «Ելք» դաշինքը չունի այդպիսի խնդիր»:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը «Ելք» դաշինքի համար անընդունելի է. «Այս հարցում դաշինքում չկա որեւէ տարակարծություն: Չկա ընդունելի որեւէ տարբերակ այս իրավիճակում: Մնացած հարցերը կքննարկենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ